17/04/2024 20:33
Ինչպե՞ս հասկանալ՝ երբ է մարդը հիմար կամ խելագար ձևանում
Խորամանկ մարդիկ համարվում են ամենավտանգավորն ու ամենաանկանխատեսելին։ Սեփական շահն առաջ տանելու համար նրանք կարող են հիմար կամ խելագար ձևանալ, իրականում, սակայն, շատերից ավելի խելացի լինել, քանի որ կարողանում են վարպետորեն կեղծել։
Հոգեբանները մի քանի հատկանշական գործոններ են մատնանշում, որոնց միջոցով հնարավոր է սիմուլյանտին տարբերել իրական խելագարից կամ հասկանալ՝ ինչու է մարդն իրեն հիմարի տեղ դնում։ Միևնույն ժամանակ զգուշացնում են՝ կեղծ հիմարին տարբերակելը երբեմն դժվար է լինում, քանի որ ձևացողները հաճախ են փոխում իրենց «դիմակները», շատ են սիրում ինտրիգներ և օգտվում են մարդկանց թուլություններից, ինչի շնորհիվ էլ հասնում են իրենց նպատակին։
Շփման ժամանակ խորամանկ «հիմարները» բարյացակամ, կարեկից մարդու տպավորություն են թողնում, հաճախ են կատակներ անում, քանի որ ուրախ մարդն ավելի շուտ է դիմացինի կողմից վստահության արժանանում։ Հենց վստահության արժանանալուց հետո էլ նրանք սկսում են գործել, և շատերը չեն էլ հասկանում, որ ուղղակիորեն կամ անուղղակիորեն նպաստում են նրանց գործողություններին կամ այդ գործողությունների մասնակիցն են դառնում, կարճ ասած՝ օգտագործվում են խորամանկի կողմից։
Եվ այսպես, առաջին բանը, որ պետք է հիշել՝ խորամանկ «հիմարը» դերասանական խաղի վարպետ է։
Մանկամիտ ձևանալու մեկ այլ մեթոդ է պարզ ու հասարակ մարդու տպավորություն թողնելը, «անկեղծ» ու սրտաբաց զրույց վարելը՝ խոսելով անձնական ու գործնական կյանքում եղած «պրոբլեմների» մասին՝ դրամատիզացնելով դրանք։ «Ընկերական» միջավայր ստեղծելուն կամ «ընկերներ դառնալուն» ուղղված այս խայծը պետք է կուլ չտալ և ի պատասխան՝ չխոսել սեփական խնդիրների մասին, քանի որ խորամանկ մարդը դա կարող է օգտագործել՝ դիմացինից ինֆորմացիա կորզելու համար։
Հիմար ձևանալով՝ խորամանկ մարդը կարող է փաստերը դիտմամբ խեղաթյուրելու միջոցով սադրանքի դիմել։ Եթե զրուցակիցն էմոցիոնալ է, կսկսի վիճել ու հակառակն ապացուցող, իրական փաստարկներ ներկայացնել՝ այսպիսով հայտելով որոշ գաղտնիքներ, ինչն էլ ի սկզբանե խորամանկ «հիմարի» նպատակն էր։
Հիմար ձևանալու ընթացքում խորամանկ մարդը պարբերաբար ցանկանում է հավաստիանալ, որ իր դերը լավ է խաղում։ Այդ նպատակով նա էլ իր հերթին սեփական խոսքը հիմնավորելու համար սկսում է երևակայական փաստարկներ ու հանգամանքներ ներկայացնել։ Դա, որպես կանոն, զրուցակցին խաբելու և շեղելու նպատակով է արվում։
Խորամանկ «հիմարը», եթե բռնվում է սուտ խոսելու պահին կամ երբ զգում է, որ իրեն բացահայտել են, որպես կանոն, չի ընդունում մեղքը։ Ցույց է տալիս, իբրև թե խորը վիրավորվել է՝ իրեն ներկայացված մեղադրանքից։ Կարող է արտահայտել ցանկացած այլ էմոցիա՝ զարմանք, զայրույթ, հիասթափություն ․․․ Բայց, որպեսս կանոն, նման դեպքերի համար պրոֆեսիոնալ խորամանակները պլան Բ են ունենում, որը գործի են դնում՝ բացահայտվելու վտանգն զգալուն պես։ Այդ պատճառով էլ հաճախ դժվար է լինում կեղծ հիմարներին արագ բացահայտելը։
Խելագարի կամ մտապակասի դերը խորամանկ մարդիկ նույնպես կարողանում են հաջողությամբ խաղալ։ Առաջին հերթին, մասնագիտական գրականություն են ուսումնասիրում, մանրամասնորեն ուսումնասիրում են հոգեկան այս կամ այն խանգարումն ունեցողների վարքը, նաև, թե կյանքի այս կամ այն իրավիճակին ինչպես են արձագանքում հոգեկան խանգարում ունեցող մարդիկ։ Նմանակում են նրանց շարժումները, խոսելաձևը։ Դա այնքան էլ դժվար չէ՝ դերասանական տաղանդի առկայության դեպքում, հատկապես, որ հոգեկան այս կամ այն խանգարումն ունեցող մարդկանց հատուկ է որոշակի՝ կոնկրետ վարք ու խոսքի ձև։
Խելագար ձևանալու պատճառները շատ են, ամենատարածվածը՝ ծանր հանցագործության համար պատժից խուսափելն է։ Հոգեբանության մի ամբողջ ճյուղ կա, որը նվիրված է սիմուլյանտների բացահայտմանը։ Դատաբժշկական փորձաքննության ժամանակ նույնպես ոչ բոլոր խորամանկներին է հաջողվում մինչև վերջ առաջ տանել իրենց սուտը։ Այնուհանդերձ, պատասխանատվությունից խուսափելու համար խելագար ձևանալու մեթոդը մեր օրերում էլ շատերն են օգտագործում, ոմանք՝ վարպետորեն, ոմանք՝ ոչ այնքան, և դժվար է ասելը, թե այդ ընթացքում նրանք որքանով են գիտակցում, որ սուտը հավերժ չի կարող լինել։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն