17/04/2024 17:20
Փաշինյանը հետքայլ է արել, բայց դա հարցի լուծում չէ. փորձում են փափուկ բարձ դնել ժողովորդի գլխի տակ. Դանիելյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզ, հանդիպել Ոսկեպարի, Կիրանցի ու Բերքաբերի բնակիչներին:
Aysor.am-ի հետ զրույցում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, ով այս պահին գտնվում է Տավուշի մարզում, ասաց, որ Փաշինյանի հռետորաբանությունն այս այցին փոխված է եղել.
«Մի ամիս առաջ, որ Փաշինյանը գյուղացիներին ասել էր, որ եթե չգնաք զիջումների, ադրբեջանցիները կգան և ձեզ կմորթեն, այսօր այդպես չի եղել: Փաշինյանը գյուղացիներին ասել է, որ որոշակի պայմանավորվածություններ են ձեռք բերել ադրբեջանցիների հետ և գետից այն կողմ չեն անցնելու: Ճիշտ է՝ դա որոշակի հետքայլ է, բայց հարցի լուծում չէ: Դա ընդամենն իրար հետ բանավոր պայմանավորվածություն է»,-ասաց պատգամավորը:
Նրա խոսքով՝ դա ևս անվտանգային բազմաթիվ հարցեր է առաջ բերում. «Բնակիչների կարծիքները տարբեր են, որոշակի շրջանակ կա, որ տարվել են: Դա մարդկանց էլի մոլորության մեջ գցելու տարբերակ է: Սրանով անվտանգային խնդիրները չեն լուծվում: Ամեն դեպքում՝ առաջնագծից մեր զինվորների դուրս բերման փորձ է: Կիսատ լուծումներ են առաջարկում»:
Դանիելյանը հավելեց, որ իշխանությունները տեսան, որ բնակիչներն ընդվզում են, ոտքի են կանգնել, դրա համար էլ հետքայլ արեցին. Ժողովուրդը կանգնեց, դիմադրեց, ինքն էլ հասկացավ, որ այդ դիմադրությունն ավելանում է, ուժ է ստանում, փորձում է «խիտրիություն անել»»: