17/04/2024 15:58
Փաշինյանն ասել է՝ 90 տոկոսով պայմանավորվածություն ունենք Ալիևի հետ, որ մնում ենք կանգնած նույն դիրքերում. Պետրոսյան
Գյուղացիներն ասացին, որ պրոցեսն այս պահին կանգ է առնում. այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի ասելով՝ 90 տոկոս զիջումներ չեն լինելու, միայն մի հատված կա, որ քննարկվում է եկկողմանի փոխադարձ զիջման մասին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը, ով այս պահին գտնվում է Ոսկեպարում, սակայն իրեն թույլ չեն տվել մասնակցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը:
«Նաեւ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ եկեք դրան զուգահեռ նաեւ շրջանցիկ ճանապարհը կառուցենք՝ Ոսկեպար չհասած, դրոշի հատվածում: Գյուղացիները դրան չեն համաձայնել, ինքն էլ համաձայնել է, ասել է՝ լավ, չենք կառուցի ճանապարհը:
Եթե չեմ սխալվում, այդ հատվածում համաձայնության գալուց հետո պետք է լինեն երկկողմանի սահմանապահներ:
Գլոբալ առումով պրոցեսը կանգնեցված է: Ես հասկանում եմ, որ սրանով ավելի շատ փորձ է արվում փափուկ բարձ դնել գյուղացիների գլխի տակ, բայց փաստացի գործընթացը այս պահին կանգնած է: Այդ մասին նաեւ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց»,-ասել է նա:
Պետրոսյանի խոսքով, կարելի է ասել, որ ոսկեպարցիները միանձնյա մի ամբողջ պետականության անկման գործընթացը կասեցրել են. «Եթե նրանք ոտի չկանգնեին, կանոնավոր բանակն էլ էր հետ քաշվելու, մնացածն էլ էր լինելու: Սա չի նշանակում, որ վտանգը չկա, բայց այս մարդիկ այս փուլում հաղթել են:
Փաշինյանն ասել է՝ 90 տոկոսով պայմանավորվածություն ունենք Ալիեւի հետ, որ այս հատվածներում մնում ենք կանգնած նույն դիրքերում՝ գետի երկայնքով: Միայն այն հատվածը, որ սովետական ժամանակներում եղել է ադրբեջանական, մենք փոխանակում ենք: Այսինքն՝ ճանապարհի հատվածը կմնա մեր վերահսկողության տակ, որ հանկարծ չլինի Ադրբեջանի կազմում, մյուս հատվածն էլ համարժեք կփոխանակենք: Բայց այս համաձայնությունն 90 տոկոսով է:
Այս պահին գյուղացիների պահանջները բավարարվել են, բայց եթե նրանք զգոնությունը թուլացնեն, իշխանությունը իր ծրագրերն ավարտին է հասցնելու»,-ընդգծել է նա: