17/04/2024 17:56
«Արել է, թող քաշի․ ձեռք է բարձրացրել պետության վրա»․ ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյան
ArmLur.am-ը ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանից հետաքրքրվել է՝ հնարավո՞ր է մտափոխվի ու քաղաքացի Սամվել Վարդանյանի դեմ ներկայացրած դիմումը հետ վերցնի:
ՔՊ-ական պատգամավորը պատասխանել է․
«Ո՛չ, ես դիմումը երբեք հետ չեմ վերցնելու, դա կտրականապես եմ որոշել, որովհետև ինքը պետք է պատժվի հենց նրա համար, որ վերցրել ու տեսանյութը հրապարակել է ֆեյսբուքում: Եթե չհրապարակեր տեսանյութը, այսքան մեծ պատմություն չէր լինի, ինքն արել է, ինքն էլ թող քաշի: Երևի ցանկացել է իր տերերի մոտ հերոս երևալ, թե տեսեք՝ ինչ տոնով եմ խոսում, ինչպես եմ տրորում պատգամավորին. դուք էլ հելեք, այդպես արեք»,-ասել է Ասլանյանը:
Հարցին՝ այսինքն ինքը ոչ այնքան իր հասցեին արված արտահայտությունից է վիրավորվել, այլ նրանից, որ տեսանյութը համացանցում է հրապարակվել՝ իշխանական պատգամավորը պատասխանել է․
«Ե՛վ վիրավորանքն է, և՛ տեսանյութը հրապարակելը, այստեղ քաղաքական ուրիշ մոտեցում էլ կա՝ երիտասարդը ցանկացել է Ֆեյսբուքի միջոցով ցույց տալ, թե ինքը կարող է պատգամավորին վիրավորել ու անպատիժ մնալ, այսինքն՝ ինքը ձեռք է բարձրացրել պետության վրա, ոչ միայն պատգամավոր Հակոբ Ասլանյանի վրա»։