
17/04/2024 15:09
Անվտանգային հարցը կլուծվի միայն համընդհանուր՝ բոլոր ուժերի կոնսենսուսի պայմաններում. Մելքումյանը փոխանցեց ոսկեպարցիների «մեսիջը» (Տեսանյութ)
Արդյո՞ք մենք կարող ենք տնտեսական զարգացում ունենալ, երբ ունենք սահմանային անվտանգության մարտահրավեր. այս հարցն էր «Նոր պրոյեկտ. տնտեսական ալիք» նախաձեռնության առաջին քննարկման առանցքում, որին ներկա էին մի խումբ տնտեսագետներ։
Տնտեսագետ Միքայել Մելքումյանը նկատեց, որ երկրում տարվող տնտեսական քաղաքականությունը պետք է սպասարկի մի կողմից՝ քաղաքացուն, մյուս կողմից՝ անվտանգային համակարգը։
«Իշխանությունն էլ ընդունեց, որ 2023թ-ին 8,7 տոկոս տնտեսական աճը տնտեսական զարգացում չէ։ Այն հարցադրումը, որ պետք է տնտեսությունը ներառական լինի, ամեն մեկին հասնի, տեսնում ենք, որ այդպես չի լինում։ Պետք է հասկանանք, թե ինչու չի լինում և անվտանգային հարցերը լուծենք գրագետ»,-ասաց նա և նշեց, որ նախաձեռնության շրջանակներում լինելու է միայն գրագետ քննադատություն։
Միքայել Մելքումյանը նաև հայտնեց իրենց՝ օրերս Ոսկեպար այցի մանրամասները և փոխանցեց հենց ոսկեպարցիների «մեսիջը»։
«Իրենք ասացին, որ հարցի լուծումը տեսնում են համընդհանուր բոլոր ուժերի կոնսենսուսի պայմաններում, թող նույն սեղանի շուրջ նստեն հանրապետության բոլոր ղեկավարները՝ անցած և ներկա, լուրջ, ծանրակշիռ քաղաքական ուժերի առաջնորդները և հեղինակություն ունեցող գործիչները և լուծում ասեն։ Հայաստանն այն կետի վրա է, որ պետք է բոլորը կարողանան սեղանի շուրջը նստել՝ նախկին, ներկա, գոտկատեղից ներքև անընդհատ խփելը բան չի տալիս։ Բոլորն իրավասու են քննադատել, բայց պետք է լուծման գնան։ Երբ տեսնում են, որ լուծում չկա, բոլորը հիասթափվում են»,-ասաց նա։
Մելքումյանը նշեց, որ իշխանությունները խոսում են խաղաղության մասին, բայց, ըստ նրա, պետք է պարտադրել խաղաղությունը, իսկ դրա համար պետք է անվտանգային համակարգը շեշտակի բարձրացնել։
«Բյուջեում դրված է 557 մլրդ դրամ, ի՞նչն է խանգարում, սոցիալական ծախսերը պահելով՝ կրկնապատկենք մեր պաշտպանական բյուջեն»,-ասաց նա։