17/04/2024 17:07
«Տարածքի փոխանակում, այլընտրանքային ճանապարհ, դիրքերում՝ սահմանապահներ»․ Ինչ է խոսել Փաշինյանը Ոսկեպարում
Այսօր Նիկոլ Փաշինյանը կրկին գնացել էր Տավուշ՝ ոսկեպարցիների հետ սահմանազատման աշխատանքների մասով քննարկում ունենալու:
Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն ArmLur.am-ի հետ զրույցում, մանրամասներ հայտնելով հանդիպումից, պատմել է, որ Փաշինյանը ոսկեպարցիներին ասել է՝ 90%-ով համաձայնեցված է Ադրբեջանի նախագահի հետ՝ մենք մեր տարածքում մնալու ենք նույն դիրքերում.
«Փաշինյանն ասել է՝ մի հատվածում միայն կարող է տարածքի փոխանակում անենք՝ համարժեք, այսինքն՝ այնպիսի փոփոխություն, որ միջպետական ճանապարհը մնա մեր վերահսկողության տակ:
Մինչ Ոսկեպար հասնելը մի տարածք կա, որը, ըստ իրենց, ԽՍՀՄ քարտեզով է ադրբեջանական, հիմա ասում են՝ դա մնա մեր վերահսկողության տակ, եռակյունի հատվածը համարժեք փոխանակում արվի, այսինքն՝ կա համաձայնություն, որ դիրքերի փոփոխություն չի լինելու»:
Սուրեն Պետրոսյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը ոսկեպարցիներին նաև ասել է՝ Ոսկեպարի գնացող այլընտրանքային ճանապարհ կկառուցենք, սակայն բնակիչները չեն համաձայնվել.
«Մարդիկ, բնականաբար, գլխի են ընկել, որ սա միակողմանի զիջման համար նախապատրաստական աշխատանք է, ասել են՝ դեմ ենք, թույլ չենք տա, Փաշինյանն էլ ասել է՝ լավ, չենք կառուցի: Նա ասել է նաև, որ դիրքերում երկու կողմից էլ սահմանապահներ կլինեն, այսինքն՝ բանակ չի լինի»,-պատմել է Պետրոսյանը։
Նրա խոսքով՝ երկու կարևոր ուղերձ կա, որ պետք է արձանագրել՝ ոսկեպարցիներն այս պահի դրությամբ միանձնյա կարողացել են կասեցնել գործընթացը․ ճիշտ է, այն չի ավարտվել, բայց կասեցվել է.
«Բոլորը իդեալական հասկանում են, որ սա խաբկանք է, փափուկ բարձ են դնում մարդկանց գլխի տակ, որ ժամանակ շահեն, մոռացության տան, որպեսզի հանրության հետ լավ աշխատանք տանեն և մյուս անգամ նոր տարածքների հանձման դեպքում դիմադրություն չլինի, բայց փաստացի՝ ոսկեպարցիները խնդիր են լուծել»,-ասել է Պետրոսյանը։