17/04/2024 22:01
Պատմությունը քաղաքական հայտարարություններով չի վերանում․ Թուրք պատգամավոր՝ Գորշ գայլերի ներկայացուցիչն էլ Ցեղասպանության մասին ասում էր, թե ընդամենը 12 հազար հայ է սպանվել
Ակնհայտ է, որ մեր ինքնությունը ձևավորվել է՝ մեր հազարամյա պատմությունը ներառելով, և քանի դեռ մենք շարունակում ենք մնալ հայ, այդ պատմությունը մոռանալ չի լինի։ Պատմությունը քաղաքական հայտարարություններով չի վերանում, 168TV-ի «Պրեսսինգ» հաղորդաշարի ժամանակ ասել է ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի նախկին տնօրեն, ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։
Հիշեցնենք՝ օրերս ՔՊ-ականների, մասնավորապես՝ Անդրանիկ Քոչարյանի կողմից հայտարարություն հնչեց, որը, թուրքական քաղաքականությանը համահունչ՝ կասկածի տակ էր դնում Հայոց ցեղասպանության զոհերի թիվը, որն իրականում անցնում է 1,5 միլիոնից։
«Ակնհայտ է, որ հնարավոր չէ մեկ առ մեկ բացահայտել Ցեղասպանության զոհերի անունները, դա ուղղակի ֆանտաստիկա է, գիտական առումով՝ քննարկման ոչ ենթակա։ Իսկ ընդհանրապես ոչ մի տարբերություն չկա, թե որքան է եղել զոհերի թիվը։ Ցեղասպանության գիտության մեջ կա թվերի խախտում հասկացությունը՝ ծանրագույն հանցագործությունը սվաղել թվերով։ Ցեղասպանությունն այնպիսի ծանր հանցագործություն է, որը կարող է հաստատվել նույնիսկ շատ փոքր թվերի դեպքում, կարևորը կանխամտածվածության հաստատումն է, եթե դա կա՝ արդեն իսկ Ցեղասպանություն է, թիվը որևէ նշանակություն չունի։ Եթե ոչնչացվում է տվյալ էթնիկական խմբի կեսից ավելին, դա արդեն լայնածավալ ցեղասպանություն է»,- ասել է թուրքագետը։
Հայերի ցեղասպանությունը Թուրքիայում իրականացվել է նաև տեղահանության տեսքով, ոչ մասնագետները չեն պատկերացնում, թե դա ինչպես է տեղի ունեցել, շեշտել է թուրքագետը։
«Թուրքական արխիվներում հիմնականում պահպանվել են նյութեր տեղահանության վերաբերյալ, որ կատարվել է Թալեաթ Փաշայի հրահանգով։
Հրապարակված օսմաներեն փաստաթղթի վրա գրված էր՝ «Հայերին տեղահանել, որ իսպառ վերջ տալ նրանց անջատողական ձգտումներին», դա համարյա նույնն է, ինչ գերմանացիներն էին օգտագործում հրեաներին վերացնելու ժամանակ՝ վերջնական լուծում»,- հիշեցրել է Ռուբեն Սաֆրաստյանը։
«Թվերի խաղն անիմաստ է։ Թուրք պատգամավոր՝ Գորշ գայլերի ներկայացուցիչն էլ ասում էր, թե ընդամենը 12 հազար հայ է սպանվել։ Եվրոպայում էլ ժամանակ առ ժամանակ պատմաբաններ են հանդես գալիս, որոնք փորձում են հերքել 6 մլն հրեաների ցեղասպանության փաստը, սակայն այդ պատմաբանների նկատմամբ դատական գործընթացներ են սկսվում»,- ասել է Ռուբեն Սաֆրաստյանը։