17/04/2024 09:47
«Հրապարակ». Երևանի քաղաքապետարանը Ամերիկյան համալսարանին 990 հազար դրամ է փոխանցել՝ իր 5 աշխատակիցների անգլերենը բարելավելու համար
«Հրապարակ» թերթը գրում է. «Երևանի քաղաքապետարանը Հայաստանի ամերիկյան համալսարանին 990 հազար դրամ է փոխանցել՝ իր 5 աշխատակիցների անգլերենը բարելավելու համար։ Գնման պայմանագրից տեղեկացանք, որ ուսուցումն իրականացվելու է անհատական ձևով, քաղաքապետարանի շենքում։ Տևելու է 9 շաբաթ՝ շաբաթը 3 օր, 2 ժամ։ Փորձեցինք ճշտել, թե ովքեր են այդ աշխատակիցները, ինչու են համայնքի միջոցների հաշվին անգլերեն սովորում։
«Քանի որ մենք շատ միջազգային ծրագրեր ունենք, այդ թվում՝ բնապահպանական, ներդրումային, քաղաքաշինական և այլն, հիմնականում պայմանագրերի, տարբեր հանդիպումների կամ գործուղումների ընթացքում, որպեսզի մենք առանձին թարգմանիչներ չվարձենք, որպեսզի այդ պայմանագրերը թարգմանեն, կամ բանակցություններ վարվեն, հիմնականում այն մարդիկ, որոնք այդ հարցերով զբաղվում են, իրենց համար է այս վերապատրաստումը»,- ասաց խոսնակ Հայկ Կոստանյանը։
Նույն տրամաբանությամբ, կարող էին ասել՝ քանի որ քաղաքապետարանում աշխատելը ծանր է, համայնքի հաշվին մարզիչ ենք վարձելու և դիետոլոգ, որ նրանց հետ պարապի, մարզի, քաշին հետևի»։