17/04/2024 11:17
Ռուս խաղաղապահների անձնակազմն ու զինտեխնիկան դուրս են բերվել Դադիվանքից
Սկսվել է Լեռնային Ղարաբաղում ժամանակավորապես տեղակայված ռուսական խաղաղապահ կոնտինգենտի դուրսբերման գործընթացը։
Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ խաղաղապահ կոնտինգենտի առաջին անձնակազմն ու զինտեխնիկան լքել է Քարվաճառում գտնվող Դադիվանքի վանական համալիրի տարածքը։
Նշվում է, որ Դադիվանքը «հսկվում է Ադրբեջանի ոստիկանության կողմից»։
«Այսպիսով, սկսվեց ռուսական խաղաղապահ կոնտինգենտի դուրսբերման գործընթացը»,- նշվում է հաղորդագրությունում։
Հիշեցնենք՝ ռուսական խաղաղապահ զորախումբը տեղակայվել էր Լեռնային Ղարաբաղում՝ Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարության արդյունքներով։