17/04/2024 11:32
ՀՀ-ում դատավորներ, ԲԴԽ և ՍԴ անդամներ նշանակվում են վարչապետին հավատարմության երդում տվածները. Իշխանյան
Արձանագրենք, որ այնպիսի հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունը, ինչպիսին «Freedom House»-ն է, վերջապես իր քննադատական խոսքն է ասում Հայաստանում տիրող անօրինականությունների մասին. Aysor.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։
Հիշեցնենք՝ ըստ «Freedom House»-ի զեկույցի ՀՀ դատական համակարգը 1-ից 7 բալային համակարգի սանդղակով գնահատվել է 2.75։
«Իմ կարծիքով, չնայած զեկույցում տեղ գտած քննադատություններին, այն բավականին մեղմ է։ Այնուամենայնիվ, հուսանք, որ սույն զեկույցը լուրջ նախազգուշացում էր, և դրան կհետևեն նաև այլ միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ նույնպես»,-ասաց նա։
Դատական համակարգի բարեփոխումը, իրավապաշտպանի գնահատմամբ, ուղղված է եղել համակարգը երկրի ղեկավարին հնազանդեցնելուն։
«Հայաստանում ոչ թե իրականացվել են համակարգի բարեփոխումներ, այլ բարեփոխումների անվան տակ՝ ողջ դատական համակարգի հնազանդեցում վարչապետ կոչեցյալին։ Որպես առաջին քայլ ներդրվեցին, այսպես կոչված, նախաքննական, իրականում՝ քաղաքական հետապնդումներ, կալանք տվող, «մասնագիտական» դատարաններ»,-ասաց նա։
Իշխանյանը շեշտեց, որ ժողովրդավարական համակարգի առաջնային և հիմնական սկզբունքն իշխանությունների տարանջատումն է, նկատի ունենալով՝ հատկապես գործադիր և դատական համակարգերի միմյանցից անկախությունը։
«Միայն գործադիրից անկախ դատական համակարգը կարող է կոչվել որպես դատական իշխանություն։ Իսկ ի՞նչ կատարվեց Հայաստանում։ Բարձրագույն դատական խորհուրդ (ԲԴԽ) կոչվող կառույցի նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի դեմ շինծու գործ հարուցեցին, նրան փոխարինեցին հայտնի կամակատար և կեղծարար Գագիկ Ջհանգիրյանով, ու սկսվեց անկախ դատավորների հետապնդումը։ Միայն Վադազարյան-Ջհանգիրյան գաղտնազերծված խոսակցությունը բավական է գնահատական տալու համար դատական համակարգին։ Դրանից հետո, ԲԴԽ նախագահ նշանակվեց, շեշտում եմ՝ նշանակվեց, վարչապետ կոչեցյալի նկարի առջև աղոթող, ՔՊ-ական Կարեն Անդրեասյանը, որն էլ ավելի փութաջանորեն լծվեց համակարգում մնացած անկախ, վարչապետ կոչեցյալի ցուցումներն անտեսող դատավորների հեռացմանը։ Իսկ ովքե՞ր են նշանակվում դատավորներ, ԲԴԽ և ՍԴ անդամներ։ Համոզված պնդում եմ, նախապես վարչապետ կոչեցյալին հավատարմության երդում տվածները։ Ունենալով Ազգային ժողովում, այսպես ասած որակյալ, իրականում՝ անորակ մեծամասնություն, այն է՝ կոճակ սեղմողներ, վարչապետ կոչեցյալի հրահանգով նրանք «ընտրում» են դատավորներ, ԲԴԽ և ՍԴ անդամներ»,-ասաց նա։
Իրավապաշտպանն ընդգծեց, որ ժողովրդավարության, իրավական պետության, մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների մասին Հայաստանում խոսելն ուղղակի ծիծաղելի է՝ հաշվի առնելով նաև, որ «ոստիկանություն-քննչական մարմիններ-դատախազություն, իրավապահ մարմինները, նույնպես գտնվում են վարչապետ կոչեցյալի անմիջական հսկողության տակ և հնազանդորեն կատարում են նրա հրահանգները»։
«Այսպիսով, Հայաստանում ոչ թե գործում են օրենքներն ու Հայաստանի կողմից ստանձված միջազգային նորմերը, այլ մեկ մարդու, այն է՝ վարչապետ կոչեցյալի կամքը։ Արդյունքում՝ բազմաթիվ քաղաքական հետապնդումներ և քաղբանտարկյալներ։
Հուսանք, որ «Freedom House»-ի հաջորդ զեկույցում տեղ կգտնեն բոլոր քաղաքական հետապնդվողների և քաղբանտարկյալների անունները»,-ասաց նա։