17/04/2024 23:13
Ուրացում և վանդալիզմ․ «Հիշենք մեր հերոսներին» գրությունն ու զոհված զինվորների նկարները ներկով ջնջել են
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի մոտակայքում գտնվող երևանյան շենքերից մեկի պատին արված զինվորների նկարները վանդալիզմի են ենթարկվել։ Նկարները և կից արված գրությունը՝ «Հիշենք մեր հերոսներին և ապրենք մաքուր Հայաստանում», ներկելով ջնջել են, գրել է Oragir.news-ը։
Այսօր էլ շարունակվող պատերազմների արդյունքում բազմաթիվ զինծառայողների մարմիններ անթաղ են մնացել, շատերը շարունակում են անհետ կորած մնալ, վտանգի տակ է Բաքվի բանտերում անմարդկային պայմաններում գերության մեջ պահվող մեր հայրենակիցների ճակատագիրը։ Թվում է, զինվորին սրբացնող, ամեն պատեհ-անպատեհ առիթով զինվորի կենացը խմող ժողովուրդը չէր կարող նման քայլի դիմել, բայց փաստը մնում է փաստ։ Հայ մարդը տեսնել չի ուզում հայ զինվորի նկարը։
Oragir.News-ի հետ զրույցում քաղաքացիներից մեկն իր զարմանքն է արտահայտել՝ ասելով․ «Ինչպես պետք է այս ամոթալի խարանը վերացնենք»։
«Հաշվի առնելով մեր այսօրվա իշխանությունների վարած քաղաքականությունը՝ սա լրիվ նրանց պրոպագանդայի, դաստիարակության արդյունքն է․ հրաժարվել մեր անցյալից, պատմական Հայաստանից։ Սա այս տրամաբանության մեջ արված բան է»,-ասել է մեկ այլ քաղաքացի։