17/04/2024 14:40
«Պատրաստ ենք անել ամեն բան, որ ՀՀ-ն ավելի մոտ կանգնի եվրոպական ընտանիքին»․ Վիլնյուսում Ալեն Սիմոնյանին ընդունել է Լիտվայի Սեյմի նախագահը (Տեսանյութ)
Պաշտոնական այցով Վիլնյուսում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանն ապրիլի 17-ին ընդունել է Լիտվայի Հանրապետության Սեյմի նախագահ Վիկտորիա Չմիլիտե-Նիլսենը:
«Ուրախ եմ ողջունել ձեզ Լիտվայի խորհրդարանում: Լիտվան առաջին երկիրն է, որ ճանաչել է ՀՀ անկախությունը, եւ ուրախությամբ կարող եմ փաստել, որ այս տարիների ընթացքում մեր երկրների միջեւ հարաբերություններն ամրապնդվել են: Մենք պատրաստ ենք եւ ուրախ կլինենք անել ամեն բան, որպեսզի Հայաստանն էլ ավելի մոտ կանգնի եվրոպական ընտանիքին»,- նշել է Վիկտորիա Չմիլիտե-Նիլսենը:
Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել լիտվացի գործընկերոջը ջերմ ընդունելության եւ միջխորհրդարանական մակարդակում կառուցողական համագործակցության համար:
«Ժողովրդավարությունը մեր միակ անվտանգային համակարգն է: Շնորհակալ ենք եւ մեծապես կարեւորում ենք միջազգային գործընկերների, մասնավորապես՝ Լիտվայի աջակցությունը ժողովրդավարությունն ավելի դիմացկուն դարձնելու, ինչպես նաեւ ժողովրդավարական պետությունների ընտանիքում Հայաստանի տեղն ամրապնդելու հարցում»,- ասել է ԱԺ նախագահը:
Հանդիպմանը հանգամանալից քննարկվել են Հայաստան-ԵՄ ընդլայնված գործընկերության նոր առաջնահերթությունների հեռանկարները, ՀՀ քաղաքացիների համար ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացումը, Հարավային Կովկասում եւ Եվրոպայում առկա անվտանգային իրավիճակը, Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձի հրամայականը եւ միջխորհրդարանական հարթակում համագործակցության ընդլայնման հնարավորությունները:
Հանդիպման ավարտին Ալեն Սիմոնյանը շրջայց է կատարել Լիտվայի Հանրապետության խորհրդարանում, գրառում կատարել Պատվավոր հյուրերի գրքում: