17/04/2024 13:44
Վահան Քերոբյանի դեմ մեղադրանքը հիմնված է Աշոտ Հովհաննիսյանի և Անի Գևորգյանի անուղղակի ցուցմունքի հիման վրա, որն իրականության հետ կապ չունի. Փաստաբան
Վահան Քերոբյանի դեմ մեղադրանքը հիմնված է «Սիներջի» ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանի և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ՝ ընկերության աշխատակից Անի Գևորգյանի անուղղակի ցուցմունքի հիման վրա, որն իրականության հետ կապ չունի։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսին հայտարարեց Քերոբյանի փաստաբան Տիգրան Եգորյանը։
«Ոչ թե պարոն Քերոբյանի դեմ են ցուցմունք տվել, այլ ձեռք բերված տվյալները հաստատել են, այսինքն՝ ուղիղ ցուցմունք չէ։ Ենթադրություն է գաղտնալսման հետևանքով, կանչում են մարդուն, ասում՝ կարո՞ղ է սա նկատի ունեիք, հաստատում են, իրենք էլ ասում են՝ նախաքննության մարմինը վկայում է նրա մասին, որ դուք ինչ-որ բան գիտեիք»,-բացատրեց փաստաբանը։
Նա պարզաբանեց, որ, ըստ էության, գործում երկու դրվագ կա, որոնք օգտագործվում են Քերոբյանի դեմ։
«Այն ժամանակ Աշոտ Հովհաննիսյանին պահում էին կալանքի տակ, ծանոթ լինելով իրենց գործելաոճին, ասացի՝ Աշոտը գալու է առերեսումով այս բանն ասելու, Անին՝ այս բանը։ Հասկանալով՝ պատրաստ էինք դրան, հասկանալով նաև, որ դա իրականություն չի լինելու, այլ Աշոտ Հովհաննիսյանի համար դա լինելու է կալանքից ազատվելու գին։ Այդպես էլ եղավ, ամսի 19-ին առերես հարցաքննությունից ամիջապես երկու օր անց, ազատ արձակվեց, գլխավոր դատախազությունը հրապարակեց հայտարարություն, որ էական տեղեկություն է ցուցմունքով հայտնել, դրա համար խափանման միջոցը փոխվում է։ Գիտակցելով, որ այս հայտարարությունն այս մարդիկ պետք է անեն, որովհետև իրենք էլ իրենց բանաձևի մեջ իրենց խնդիրն ունեն լուծելու, համաձայնել ենք այդ առերես հարցաքննությանը։ Ասել ենք խնդրեմ, գիտենք, արեք ձեր հայտարարությունները, որովհետև տեսագրվում է, վաղը կերևա, սա իրականությանը չի համապատասխանում, բայց քանի որ գիտակցում ենք, որ դա ձեզ այս փուլում պետք է, մենք չենք արձագանքում, ուղղակի արձանագրում ենք, որ չի համապատասխանում իրականությանը, և դատավարության ժամանակ կքանդենք»,-ասաց նա։