18/04/2024 18:23
Փաշինյանը Բրիս Ռոքֆոյի հետ քննարկել է Հայաստան-Եվրամիություն համագործակցությանը վերաբերող հարցեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության Մայրցամաքային Եվրոպայի վարչության պետ, ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյին, հայտնում են կառավարությունից։
Հաղորդագրությունում նշված է․
«Քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա համագործակցության հետևողական զարգացմանը վերաբերող օրակարգային հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել տնտեսության, ենթակառուցվածքների զարգացման, հումանիտար ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման ուղղությամբ կատարվող քայլերին:
Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային նշանակության հարցերին, այդ թվում՝ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրների լուծման ՀՀ կառավարության իրականացրած քայլերին: Մտքեր են փոխանակվել ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագծի վերաբերյալ:
Քննարկվել են նաև Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությանը վերաբերող հարցեր»: