18/04/2024 20:40
Հակամարտությունների գոտիներում օտարերկրյա ռազմական ներկայության ընդլայնումը կարող է հանգեցնել էսկալացիայի․ ՌԴ ԱԳՆ
Զինված հակամարտությունների գոտիներում օտարերկրյա ռազմական ներկայության ընդլայնումը կարող է հանգեցնել իրավիճակի սրման, դա վերաբերում է նաև մերձավորարևելյան տարածաշրջանում ԱՄՆ ուժերի ավելացմանը, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Զախարովան նշել է, որ Միացյալ Նահանգները Մերձավոր Արևելքի երկրներին «պատանդ» է վերցրել իր ներքին և արտաքին քաղաքական շահերի համար՝ հետապնդելով ժամանակավոր, պատեհապաշտ նպատակներ, ինչն էլ հանգեցրել է տարածաշրջնում իրավիճակի սրմանը։
«Ռուսաստանը չի փոխել իր գնահատականը Մերձավոր Արևելքում ամերիկյան քաղաքականության վերաբերյալ։ Մենք գտնում ենք, որ ստեղծված իրավիճակը տարածաշրջանում բաժանարար գծեր ստեղծելու և միջազգային իրավական դաշտը քայքայելու երկարաժամկետ քաղաքականության հետևանք է»,- ասել է նա։
ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի խոսքով՝ ԱՄՆ-ն միևնույն ժամանակ առաջ է քաշում պաղեստինա-իսրայելական հակամարտությունը կարգավորելու իր տեսլականը, որը իրականում հանգեցնում է «լճացման» և Գազայի հատվածում ճգնաժամի շարունակման, իսկ պաղեստինյան խնդրի անմիջական լուծումը միտումնավոր հետաձգվում է։