18/04/2024 17:07
13-ամյա աղջկա նկատմամբ սեռական բռնություն կատարած 74-ամյա և 66-ամյա տղամարդկանց մեղադրանք է առաջադրվել
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ապրիլի 11-ին Վարդենիսում սեռական բռնություն է գործադրվել 13-ամյա աղջկա նկատմամբ։ Քիչ առաջ հայտնի դարձավ՝ ովքեր են մեղադրվում անչափահասի նկատմամբ բռնություն իրականացնելու համար։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ նշված արարքի համար ՀՀ Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով մեղադրանք է ներկայացվել Գեղարքունիքի մարզի բնակիչներ՝ 74-ամյա Բաբկեն Կարապետյանին և 66-ամյա Սամվել Հակոբյանին։
Հիշեցնենք՝ ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչության աշխատակից Զարզանդ Գաբրիելյանն Aysor.am-ին տեղեկացրել էր.«Ապրիլի 11-ին ոստիկանության Վարդենիսի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սոթք և Ակունք գյուղերի բնակիչ 2 տղամարդ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարել 2011թ ծնված մի աղջկա նկատմամբ: Կատարված ստուգողական գործողությունների և ձեռնարկված միջոցառումների ընթացքում՝ հանցանքը կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով, տղամարդիկ ձերբակալվել և տեղափոխվել են բաժին, որտեղ վերջիններս խոստովանել են կատարվածը և կից փաստաթղթերի հետ ներկայացվել քննչական բաժին»:
Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանն էլ հայտնել էր.«Անչափահասի նկատմամբ սեռական բռնություն գործադրելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով։ Երկու անձի մեղադրանք է ներկայացվել և նրանք կալանավորված են»։