19/04/2024 18:20
Վարչապետի աշխատակազմից պնդում են՝ «էական խնդիրներ չկան, Կիրանցն ունի նաև այլ ճանապարհ», իսկ Տավուշի հայկական գյուղերին «Ադրբեջանն այսօր էլ շատ մոտ է»
Հայկական և ադրբեջանական կողմերի միջև նախնական համաձայնեցվել են Տավուշում սահմանագծի առանձին հատվածները, այսօր հայտարարեցին ՀՀ ԱԳՆ-ն ու ՀՀ վարչապետի աշխատակազմը։ Ներկայացվեց նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովների 8-րդ հանդիպման արդյունքներով տարածված համատեղ մամլո հաղորդագրությունը։
ՀՀ վարչապետի աշխատակազմից հավաստիացնում են, թե գործընթացի արդյունքում հայաստանյան «ոչ մի գյուղ չի զրկվելու ճանապարհից»:
«Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի ծրագծի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, որը բարդ աշխատանք չէ և կիրականացվի մի քանի ամսում: Բայց սա Կիրանցի միակ ճանապարհը չէ. կվերանորոգվի, գուցե վերակառուցվի նաև Կիրանց-Աճարկուտ-Իջեւան ճանապարհը: Նկատի ունենք՝ Կիրանցն ունի նաև այլընտրանքային ճանապարհ, և գործնականում էական խնդիրներ չկան»,- ասել են ՀՀ վարչապետի աշխատակազմից:
Հարցին՝ իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի՞ ունենում, կրկին բացասական են պատասխանել,
«Այս փուլում նման խնդիր առաջացնելու պոտենցիալ ունեցող հատվածները չեն սահմանազատվում»:
Սահմանազատման այս գործընթացի արդյունքում մի շարք հատվածներում Ադրբեջանը ընդհուպ մոտենալու է Կիրանց, Ոսկեպար գյուղերին: Ինչպե՞ս է ապահովվելու այդ գյուղերի անվտանգությունը հարցին ի պատասխան՝ նշվել է․
«Ադրբեջանն այսօր էլ շատ մոտ է այդ գյուղերին, և նրանք գտնվում են ուղիղ նշանառության տակ: Այո, այս գործընթացի արդյունքում Ադրբեջանի սահմանապահ ծառայությունն ավելի է մոտենալու Կիրանց եւ Ոսկեպար գյուղերին, բայց նրանց և մեր գյուղերը բաժանելու է սահմանազատված պետական սահման: Սա առանցքային գործոն է, և չմոռանանք նաև, որ սահմանի պահպանությունն իրականացնելու են Հայաստանի Հանրապետության սահմանապահները: Բայցի այդ, անվտանգության ապահովման բազմաթիվ մանրամասներ կան, որոնք նույնպես առաջիկա շրջանում քննարկման և դետալացման կարժանանան»:
ՀՀ վարչապետի աշխատակազմից նշել են նաև, թե գործընթացով Ադրբեջանը «երկուսուկես գյուղ է ստանալու»։
«Ադրբեջանը ստանում է իրեն պատկանող երկուսուկես գյուղ, որովհետեւ Կըզլ Հաջըլի գյուղի տարածքն ամբողջությամբ, Աշաղը Ասկիպարա գյուղի տարածքի մի զգալի մասը մինչ այս էլ եղել է Ադրբեջանի տիրապետության ներքո: Իսկ Հայաստանի Հանրապետությունն այս գործընթացում ստանում է սահմանազատման հետ կապված եւ անվտանգային ռիսկերի նվազեցում: Այսօրվա իրադարձությամբ առաջին անգամ ունենում ենք սահմանազատված սահման Ադրբեջանի հետ, ինչը կարելի է որակել որպես նշանակալի իրադարձություն: Հայաստանի Հանրապետությունը նաև ստանում է գործուն հարթակ և հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ եւ լեգիտիմ ընթացքով և իրականացնել այն՝ ապահովելով բնակչության անվտանգային, սոցիալ-կենցաղային և իրավական անհրաժեշտ երաշխիքները»,- ասել են ՀՀ վարչապետի աշխատակազմից՝ ի պատասխան հարցի, թե ի՞նչ է ստանալու Հայաստանը: