19/04/2024 10:16
«Եթե գոյաբանական մարտահրավերների առջեւ կանգնած երկրի ղեկավարը ժամանակ ունի զննել կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաեւ հրթիռները «զննելու» համար»․ Ի՞նչ է առաջարկում Տոնոյանը Փաշինյանին
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարություն է տարածել։
«Արդեն 2 տարի 7 ամիս անհիմն և անօրինական կալանքի տակ գտնվելուց հետո ՀՀ Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանի կողմից երեկ կրկին մերժվեց իմ նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխելու վերաբերյալ պաշտպանական խմբի կողմից ներկայացված միջնորդությունը:
Միջնորդության ներկայացումը պայմանավորված էր այն հանգամանքով, որ ՀՀ Հակակոռուպցիոն դատարանում քննվող եւ հանրությանը որպես «հրթիռների գործ» մատուցվող քրեական գործով դեռևս 09.04.2024 թվականին ավարտվեց եւս մեկ դատավարական փուլ և դատարանի կողմից հայտարարվեց դատաքննության ավարտ:
Դեռևս նախաքննության սկզբնական փուլում նախաքննությունն իրականացնող մարմնի կողմից տարածած հայտարարություններով հանրության մոտ նպատակաուղղված ձևավորվել է մեղադրական տպավորություն հրթիռների վիճակի, ձեռքբերման արժեքի և գործի այլ հանգամանքների վերաբերյալ, ինչը հանգեցրել է իմ և գործով անցնող մյուս անձանց մեղավորության` որպես հաստատված փաստի վերաբերյալ հանրային ընկալման ձևավորմանը:
Հաշվի առնելով Մարդու իրավունքների պաշտպանի 2023 թվականի տարեկան հաղորդման մեջ նշված իրավիճակին տրված այն գնահատականը, որ կատարված առերևույթ հանցագործության և անձի մեղավորության առնչությամբ ձևակերպումները չպետք է ձևավորեն կանխակալ ընկալում արարքի կատարումը անձի կողմից որպես հաստատված փաստ ներկայացնելու տեսանկյունից՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի բացակայության պայմաններում, ինձ իրավունք եմ վերապահում արդեն իսկ հրապարակված տեղեկատվության սահմաններում անդրադառնալ մի քանի կարևոր հանգամանքների:
Մինչ այս պահը դատաքննության ընթացքում հետազոտված եւ ներկայացված մեղադրանքի հետ որեւէ աղերս չունեցող ապացույցներին ավելացան նաեւ վերջին մի քանի դատական նիստերի ընթացքում դատավորի կողմից հանրային մեղադրողի եւ մեղադրյալների մասնակցությամբ զննված գործով 3 տարի առաջ իրեղեն ապացույց ճանաչված անթերի վիճակում գտնվող ռուսական արտադրության հրթիռները, որոնց վիճակը էապես տարբերվում է հանրությանը դրանց վերաբերյալ ներկայացված տպավորությունից:
Զննության ընթացքում դատավորի կողմից անտեսվել է իմ կողմից հայտնված մեղադրական եզրակացության մեջ նշված հրթիռների ամբողջ քանակը զննելու վերաբերյալ դիրքորոշումը: Դատավորի կողմից անտեսվել է նաեւ իմ կողմից ներկայացված միջնորդությունը` տեղում զննել նաեւ նույն խմբաքանակով ներմուծված եւ ԶՈՒ հաշվեկշռում լինելու հանգամանքով պայմանավորված ՀՀ Պաշտպանության նախարարի համապատասխան հրամանով օգտագործման ժամկետները երկարաձգված հրթիռները եւ դրանք համեմատել սույն գործով իրեղեն ապացույց ճանաչված հրթիռների հետ:
Դատարանի կողմից չապահովվեց նաև փորձագետի մասնակցությունը զննության գործընթացին, որի մասնակցությամբ իրեղեն ապացույցները զննելու նպատակով իմ կողմից մտածածին հնարավոր ապօրինի ազդեցությունը զսպելու ռիսկը դատարանի կողմից առնվազն վերջին մեկ տարվա ընթացքում շարունակաբար դրվել է ինձ կալանքի տակ պահելու որոշումների հիմքում: Մինչդեռ, շուրջ երկու ամսվա ընթացքում դատարանին այդպես էլ չհաջողվեց հայտնաբերել ԶՈՒ-ից զորացրված փորձագետին:
Զննության արդյունքներով հոդս ցնդեցին հայտնի շրջանակների կողմից նշված հրթիռներին տրված «անորակ», «անպիտան» եւ «ժամկետանց» որակումները, իսկ դատավորի վերոնշյալ վերաբերմունքից կարելի է մեկ հետեւություն անել. հրթիռների միայն մի մասի զննությունն էլ վերջինիս համար բավարար էր դրանց իրական վիճակի վերաբերյալ ներքին համոզմունք ձեւավորելու համար:
Հաշվի առնելով վարչապետի կողմից ինձ հետապնդելու համոզմունքս, ինչպես նաեւ տեղյակ լինելով, որ Փաշինյանը մասնագետներին վստահելու հետ կապված խնդիրներ ունի, առաջարկում եմ նրան անձամբ իմ հետ խնդրո առարկա հրթիռների եւս մեկ զննություն իրականացնել եւ լրատվամիջոցների ներկայությամբ անձամբ ինձ ուղղել իրեն հետաքրքրող հարցերը՝ ինչպես սպառազինության, այնպես էլ հանրային հետարքրքություն ներկայացնող այլ թեմաների վերաբերյալ: Եթե գոյաբանական մարտահրավերների առջեւ կանգնած երկրի ղեկավարը ժամանակ ունի զննել դպրոցների պահարանների կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաեւ ԶՈՒ Ռազմաօդային ուժերի մարտունակության ապահովման համար անհրաժեշտ հրթիռները «զննելու» համար»: