19/04/2024 15:23
Մի՛ շտապեք թաղել հույսը, մի՛ կասկածեք իմ ու մեր հավատքին. սա է ՀՀ-ի և ՌԴ-ի ապագայի երաշխիքը. Զատուլինի պատասխանը՝ Մանուկյանին
ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինն արձագանքել է «Ղարաբաղ» կոմիտեի նախագահ, Հայաստանի առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանի՝ իրեն ուղղված բաց նամակին՝ ընդգծելով, որ չէր կարող չպատասխանել դրան, քանի որ այն շոշափում է իր համար ամենաթանկը՝ իր հավատը ռուս և հայ ժողովուրդների հարաբերությունների նկատմամբ։
Նա իր տելեգրամյան ալիքում գրել է. « Այս երկու քրիստոնյա ժողովուրդներն իրենց պատմության ընթացքում շատ են տառապել։ Եվ Քրիստոսի նման նրանք շարունակում են տառապել։ Հարյուրավոր տարիներ մենք միասին ենք՝ և՛ ուրախության, և՛ տխրության մեջ։ Բայց հիմա և՛ մեզ մոտ, և՛ ձեզ մոտ ակտիվանում են մարդիկ, որոնց համար դա կարևոր չէ։
Դուք նախատում եք Ռուսաստանին այն բանի համար, որ 2020 թվականից ի վեր նրա պահվածքը «չի համապատասխանում դաշնակցի հասկացություններին»՝ համարելով, որ մեր զինված ուժերի դուրսբերումը Ղարաբաղից «վերջակետ է» դնում»։ Ես և ՌԴ-ում իմ համախոհներն ամենաքիչը կցանկանային Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմի համար նման ավարտ:
Բայց սկզբում հայերի, ապա ռուսների գաղթը Ղարաբաղից, այն ամենից հետո, ինչ տեղի ունեցավ 2020 թվականից և հատկապես 2022-2023 թվականներից հետո, կանխորոշված էր։ Սա է դառը ճշմարտությունը։ Իսկ պատճառներն ու առիթները կարճ նամակով չեմ ուզում թվարկել՝ կրկնելով Ձեր նշածները և ավելացնելով իմը: Ո՛չ Գրիբոյեդովը, ո՛չ Բաղրամյանը ճիշտ պահին ճիշտ տեղում չհայտնվեցին։
Ես կարող էի ձեր նախատինքն ուղղված Ռուսաստանին այսօրվա Հայաստանին վերադարձնել, բայց չեմ ուզում։ Ես ուզում եմ փրկել այն, ինչ մնացել է մեր ժողովուրդների հարաբերություններում, որպեսզի նրանք չդառնան պետությունների ու կառավարությունների քաղաքականության զոհը։ Ես չէ, որ պետք է պատմեմ Ձեզ, թե ինչ է տեղի ունենում քաղաքականության մեջ, բայց մի՛ շտապեք թաղել հույսը, մի՛ կասկածեք իմ ու մեր հավատքին. սա է Հայաստանի և Ռուսաստանի ապագայի երաշխիքը»։