19/04/2024 12:51
Տաթևի վանքի շրջակայքում հիմնվում է պտղատու այգի՝ որպես զորակցություն Ռուբեն Վարդանյանի և գերեվարված հայրենակիցների
Տաթևի վանքի շրջակայքում մեկնարկել են նոր պտղատու այգու հիմնման աշխատանքները: Այգու ստեղծման բարեգործական ծրագիրն իրականացնում է Ռուբեն Վարդանյանի հիմնադրած «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալությունը՝ նրա գործընկերների, համախոհների, բազմաթիվ անձանց մասնակցությամբ ու աջակցությամբ:
Բացի մրգատու ծառերից, այգում տնկվելու է նաև սոսի՝ Կենաց ծառ՝ որպես մեր ժողովրդի հավատի, հույսի և հարատևության խորհրդանիշ:
«Այսօր, երբ մեր գործակալության հիմնադիր Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտում է, ավելի քան կարևոր է նրա գործի շարունակությունն ու գաղափարների իրագործումը: Այգի հիմնելը Վարդանյանի համար միշտ եղել է բարիք ստեղծելու, նոր սկզբի խորհրդանիշ, այդ իսկ պատճառով նախաձեռնվեց այս ծրագիրը: Մենք կարևոր ենք համարում լայն մասնակցությունը, քանի որ սա ոչ միայն այգի հիմնելու ու ծառ տնկելու մասին է, այլև մեր յուրաքանչյուրիս զորակցությունը հայտնելու՝ Բաքվի բանտում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանին և մեր բոլոր մյուս հայրենակիցներին»,- ասել է «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալության գործադիր տնօրեն Գրիգորի Մարտիրոսյանը:
Պտղատու ծառերի տունկը շարունակվելու է ամբողջ ապրիլ ամսվա ընթացքում: Ծրագրին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները՝ այցելելով գործակալության կայք, և ձեռք բերել իրենց անվանական ծառը` սեղմելով «Տնկել ծառ» կոճակը:
Մասնակիցները կարող են ներկա գտնվել նաև մայիսին կայանալիք այգու բացման արարողությանը, որի ժամանակ էլ տնկվելու է սոսին՝ Կենաց ծառը:
Այգին ոռոգվելու է կաթիլային եղանակով և պահպանվելու է տեղի բնակիչների ներգրավմամբ: Ծրագրի իրագործման ընթացքում գոյացած միջոցներն ուղղվելու են Տաթև համայնքի զարգացմանը։