19/04/2024 22:16
Միրզոյան․ «Հիրավի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ունեն եվրոպական ձգտումներ»
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը «Arab News» պարբերականին տված հարցազրույցում անդրադարձել է Ռուսաստանի և Եվրամիության հետ Հայաստանի հարաբերություններին՝ նշելով, թե Ռուսաստանի հետ կան խնդիրներ, և ՀՀ քաղաքացիներն «ունեն եվրոպական ձգտումներ»։
«Արդարացի է նշել, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները, ես կասեի, իրենց ամենաբարձր կետում չեն։ Իհարկե, կան բարդություններ, և մենք չենք կարող և չենք ուզում թաքցնել այդ բարդությունները։ Խնդիրներ կան, և հարցեր կան հայ հասարակության շրջանում, օրինակ՝ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների գործելակերպի, ինչպես նաև մեր ռուս դաշնակիցների կեցվածքի վերաբերյալ, երբ մեր ինքնիշխան տարածքները հարձակման էին ենթարկվում 2022թ., 2023թ. և դրանից առաջ։ Այսպիսով, իսկապես կան որոշ խնդիրներ, բայց միաժամանակ մենք աշխատում ենք այդ ուղղությամբ»,- ասել է Միրզոյանը:
ԵՄ-ի հետ հարաբերությունների վերաբերյալ նա հետևյալն է նշել․
«Ինչ վերաբերում է ԵՄ հետ հարաբերություններին, հիրավի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ունեն եվրոպական ձգտումներ: Այդ ձգտումներն ավելի ու ավելի են ուժեղանում այն հիասթափության ֆոնին, որը ՀՀ քաղաքացիներն ունեցան հայ ռուսական հարաբերություններում առաջ եկող խնդիրների ֆոնին, բայց չսահմանափակվելով միայն դրանով: Ուզում եմ ընդգծել, որ Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ հետ: Նրանք մեր հիմնական գործընկերներն են ժողովրդավարական բարեփոխումների հարցում: Այժմ նրանք ցուցաբերում են մեծ հետաքրքրություն Հայաստանի տնտեսական դիմակայունությունն ուժեղացնելու հարցում: Այսպիսով, մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ: Մինչ այժմ ոչ ոք չի կարող կանխորոշել, թե այդ ճանապահը մեզ դեպի ինչ հանգրվան կտանի»: