19/04/2024 11:53
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում Two Arcs-ում կբացվի ֆիգուրատիվ քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի դիմաքանդակների ինտերակտիվ ցուցահանդեսը։ Ապրիլի 26-ից մայիսի 10-ը գործող ցուցահանդեսի ընթացքում ներկայացված կլինի շանսոնյեի 10 դիմաքանդակ։ Ինտերակտիվ այս եզակի ցուցահանդեսն իր այցելուներին կօգնի բացահայտել «թաքնված» Շառլին։
Ցուցահանդեսի հիմքում ընկած է Շառլ Ազնավուրին հարգանքի տուրք մատուցելու, մարդկանց տված իր հսկայական երաժշտական և հոգևոր ժառանգությունը գնահատելու գաղափարը։ Հեղինակը նրա արվեստը ջանացել է թարգմանել քանդակային լեզվի յուրովի՝ իրեն բնորոշ ձևամտածողությամբ։
«Դիմաքանդակներում խնդիր չեմ ունեցել պատճենահանել, այլ ցանկացել եմ մատուցել իմ ընկալմամբ, իմ մեկնաբանությամբ։ Լուսախաղը ինչ-որ չափով Շառլի բեմական եռանդուն և հարուստ ու անսպասելի տոնականությունն է, որը նա վաթսուն տարի պարգևում էր մարդկությանը և հային։ Շառլին տեսել եմ և տեսնելու եմ իմ ձևով, իմ աշխարհընկալմամբ և իմ քանդակային ձևամտածողությամբ»,- նշում է Մկրտիչ Մազմանյանը՝ ներկայացնելով ցուցահանդեսի գաղափարը և խոսելով դիմաքանդակների մասին։
Ցուցահանդեսի բացման օրը տեղի կունենա նաև քանդակագործի աշխատանքներին ու ստեղծագործական կյանքին նվիրված գրքի շնորհանդեսը։
Մազմանյանի տարածական քանդակները՝ բրոնզից և մարմարից, նկարագրվել են որպես «վերացական, բայց ռեալիզմ պարունակող»: Արվեստագետի աշխատանքներում արտացոլվում են մարդկային փառասիրությունը, զարթոնքը և էվոլյուցիան։ Մազմանյանի քանդակագործության յուրօրինակ ոճը ձևավորվել է բազմաթիվ մշակույթների և գեղարվեստական ոճերի միախառնումից, չնայած նա ամենաշատը սովորել ու ոգեշնչվել է բնությունից և մարդկանցից։ Մազմանյանի ստեղծագործությունների մեծ մասը նվիրված է մարդուն՝ իր ողջ գեղեցկությամբ: