19/04/2024 14:57
Նա իր ադեկվատությունը կորցրել է, բայց պետք է ներողություն խնդրի ինձ զրպարտելու համար. Շահվերդյանին սպառնացողը դերասան «Պոնչոն» է
Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի տնօրեն Սուրեն Շահվերդյանի հասցեին սպառնալիքներ հնչեցնող քաղաքացին դերասան Վահագն Սիմոնյանն է՝ «Պոնչոն»։
Տեղեկությունն Aysor.am-ի հետ զրույցում հաստատեց Շահվերդյանը՝ նշելով, որ Սիմոնյանը վաղուց արդեն կորցրել է իր ադեկվատությունը և իրեն մեղադրում է մի բանում, որի հետ ինքը որևէ առնչություն չունի։
Նշենք, որ Վահագն Սիմոնյանը դեռևս մեկ շաբաթ առաջ ֆեյսբուքյան իր էջում Սուրեն Շահվերդյանին մեղադրել էր իր անչափահաս երեխաներին «սև ճանապարհով առևանգելու» և Եվրոպա տեղափոխելու մեջ։
«Սա իմ վերջին նախազգուշացումն է քեզ, մեկ օր ժամանակ, երեխաներիս դնում եք օդանավ, առանց մազը ծռվելու ուղարկում եք հետ՝ Երևան, այլապես ես կբարկանամ։ Ես ջղայն ձյաձյա չեմ, բայց որ ջղայնացա՝ Աստված հեռու պահի»,-նշել էր Պոնչոն։
Սուրեն Շահվերդյանը նշեց, որ այս պատմության հետ առնչություն ունի այնքանով, որ իր ընկերոջ կինը Վահագն Սիմոնյանի նախկին կին է եղել։ «Նրանք հիմա միասին երեխա ունեն և երջանիկ ապրում են Եվրոպայում։ Եթե տեղյակ եք՝ իր երեխաները նույնիսկ հայտարարել են, որ հրաժարվում են իրենց հորից։ Հիմա չգիտեմ, թե ինչու է ինձ մեղադրում, ես ոչ մի բանի հետ կապ չունեմ, չեմ տեսել իր երեխաներին արդեն 15 տարի»,-ասաց Շահվերդյանը։
Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի տնօրենն ասաց, որ Վահագն Սիմոնյանն իրեն զրպարտում է և սպառնալիքներ հնչեցնում։ «Ես էլ դիմել եմ ոստիկանություն, գործին ընթացք տալու, ինքն էլ պետք է ներողություն խնդրի ինձանից։ Եթե նկատել եք՝ նա իր ադեկվատությունը կորցրել է, բայց չեմ ուզում, որ իմ անունը շահարկի և զրպարտի»,-ասաց նա։
Նշենք, որ այսօր տեղեկություն էր տարածվել, որ Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի տնօրենը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ իր հասցեին սպառնալիքներ են հնչեցնում։