19/04/2024 13:25
Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու մասին
Այս փաստաթուղթը մաքուր ապատեղեկատվություն է. անվտանգության հարցեր օրակարգում չեն եղել. ի պատասխան ադրբեջանական լրտավամիջոցների տեղեկություններին, ըստ որոնց ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած ՀՀ-ԵՄ-ԱՄՆ համաժողովի շրջանակում ռազմական բնույթի փաստաթուղթ է ստորագրվել, հայտնել է ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի ծառայությունը։
«Մենք ձեզ կոչ ենք անում ուսումնասիրել ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման արդյունքներով ԵՄ-ի և Հայաստանի հետ համատեղ մամուլի հաղորդագրությանը։ ԵՄ-ի և Հայաստանի հետ բրյուսելյան հանդիպումը կենտրոնացած էր բացառապես Հայաստանի տնտեսական դիմակայունության վրա, քանի որ երկիրն աշխատում է իր առևտրային գործընկերությունների դիվերսիֆիկացման և հումանիտար կարիքների լուծման ուղղությամբ, ինչպես նաև աջակցելու Հայաստանի ընթացիկ բարեփոխումներին, ներառյալ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ժողովրդավարությունը և օրենքի գերակայությունը», -ադրբեջանական Azertac պետական գործակալության հարցմանն ի պատասխան ասել են Պետքարտուղարությունից։
Հիշեցնենք, որ նախօրեին ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել: