19/04/2024 15:00
«Տնօրենը դպրոցում բիզնեսով է զբաղված, առևտուր է անում. դրա մասին բարձրաձայնել եմ ու դարձել եմ իր աչքի գրողը». ծնողը՝ Զովունիի դպրոցի տնօրենի մասին
Aravot.am-ը գրել էր, որ ապրիլի 15-ին Կոտայքի մարզի բնակիչ Ա.Զ-ն ոստիկանությունում հաղորդում է ներկայացրել՝ հայտնելով, որ Զովունի գյուղի դպրոցի տնօրենի ցուցումով՝ փոխտնօրեն Գեղանուշ Հակոբյանը օրեր առաջ վատ վերաբերմունք է ցուցաբերել իր 13-ամյա աղջկա նկատմամբ, նրան լացեցրել է, գոռացել վրան և հետապնդել երեխային, քանի որ իր և տնօրենի միջև լարվածություն կա:
Aysor.am-ի հետ զրույցում Անուշ Զուրաբյանը նշեց, որ սեպտեմբերից իր աղջիկը բողոքում է փոխտնօրենի վատ վերաբերմունքից. «Մշտապես բողոքել է, որ Հակոբյանը չի ուզում իրեն լսել, ճչում է իր վրա, վիրավորական խոսքեր է ասում։ Աղջիկս ասում է, որ չի ուզում երկուշաբթի օրերին դասի գնալ, քանի որ այդ մի օրն է Հակոբյանի առարկան։ Փոխտնօրենին հարցրել եմ, թե ինչու է նման վերաբերմունք ցույց տալիս իմ երեխային, ասել է՝ ոչ մի բան էլ չկա։ Իմ երեխային գերազանցիկությունից գցեց։ Օրեր առաջ էլ երեխաս լացել է դպրոցում՝ Հակոբյանի հետ զրուցելուց հետո»։
Անուշ Զուրաբյանն ասում է, որ փոխտնօրենի վերաբերմունքը գալիս է նրանից, որ ինքը վատ հարաբերություններ ունի տնօրեն Հասմիկ Հարությունյանի հետ. «Ես ծնողխորհուրդ եմ։ 7 տարի է տնօրենը խնդիրներ է ստեղծում ինձ հետ։ Ինքը դպրոցում զբաղվում է չարչիությամբ, առևտրով՝ դուխիներ, մայկա-տռուսիկ, իր ձեռքով պատրաստված չիր, իրենց հայաթից պոպոկ։ Բոլորն այդ մասին են ասում։ Դպրոցում մի հատ խուց կա, հենց այդտեղից էլ տնօրենը ուսուցիչներից մեկի՝ Տաթև Մկրտչյանի հետ, վաճառում է ապրանքները։ Երկուսով դպրոցում բիզնեսի մեջ են։ Ես մշտապես դա բարձրաձայնել եմ և իր աչքի գրողն եմ դարձել»։
Ծնողի խոսքով՝ դպրոցում իր իրավունքները ոտնահարված են. «Ես հասնում եմ դպրոց, ինձ հրհրում է, թույլ չի տալիս դպրոց մտնեմ։ Անցած տարի ապրիլի 7-ին մենք գնացել ենք դպրոց, որ նաև իր հետ զրուցենք, սակայն մեզ դպրոց չթողեցին։ Մեզ նույնիսկ թույլ չտվեցին, որ ներսում սպասենք։ Մենք սակայն դուռը բացեցինք, մտանք ներս։ Եկավ ֆիզկուլտուրայի դասատուն, ինձ հայհոյեց ու խփեց ուսիս։ Ծաղիկներն իմ ձեռքին էին, ես պաշտպանվել եմ ու ծաղիկներով հարվածել եմ նրան։ Հետո ես ոստիկանություն եմ կանչել, տեսախցիկներով տեսել են, որ ես ոչինչ չեմ արել։ Սկզբում ես որպես տուժող էի, հիմա արդեն դարձել եմ մեղադրյալ։ Շինծու քրեական գործ են սարքել իմ վրան և գործն ուղարկել են դատարան։ Ամեն ինչ տեսագրված է»։
Նա նաև ավելացրեց, որ փոխտնօրենի հետ նոր են սկսվել խնդիրները, որը գալիս է տնօրենի հետ ունեցած վատ հարաբերություններից. «Դանակը արդեն ոսկորին է հասել, դրա համար էլ բողոքում եմ»։