19/04/2024 21:29
Փաշինյանը ներկայացման էր․ «Պապ թագավոր»-ը դիտելուց հետո շնորհակալություն է հայտնել դրական լիցքերի համար
Կառավարության մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, ներկայացնում ենք՝ ստորև․
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Կոտայքի մարզի Զառ բնակավայրի միջնակարգ դպրոց և ներկա գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը: Դպրոցի ուսուցիչներն ու աշակերտները վարչապետի էլեկտրոնային հասցեին նամակ են ուղարկել և հրավիրել իրենց բեմադրած ներկայացմանը, ինչը սիրով ընդունվել է:
Նիկոլ Փաշինյանին ուղեկցել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը:
Դպրոցի տնօրենը, մինչ ներկայացումը, շնորհակալություն է հայտնել վարչապետին հրավերն ընդունելու և ներկայացմանը ներկա գտնվելու համար: Նա նշել է, որ Զառի դպրոցը կառուցվել է 1976 թվականին, դպրոցում սովորում է 260 աշակերտ։ Դպրոցում կա նախակրթարան, որտեղ այցելում է 33 սան։ Դպրոց հաճախում է նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 8 աշակերտ, 4 մանկավարժ էլ ապահովվել է աշխատանքով։ Դպրոցն ընդգրկված է կառավարության 300 դպրոց և 500 մանկապարտեզ ծրագրում, որով առաջիկայում նախատեսված է կառուցել նոր ուսումնական հաստատություն:
Ներկայացման ավարտին վարչապետը շնորհակալություն է հայտնել հրավիրելու համար: Կառավարության ղեկավարը ողջունել է աշակերտների համարձակությունն ու խիզախությունն այսպիսի բարդ թեմաների անդրադառնալու համար: Վարչապետն ընդգծել է նաև աշակերտների ինքնուրույն մտածելու, վերլուծելու, եզրակացությունների գալու համարձակությունն ու մղումը:
Ամփոփելով խոսքը՝ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ներկաներին հիշարժան օր նվիրելու, դրական լիցք, ոգևորություն ու էներգիա տալու համար»: