19/04/2024 13:13
Միշտ ասում էր՝ ոնց գյուղացի եղել եմ, այդպես էլ կամ. Համո Սահյանի որդին՝ հոր մասին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը «Նարեկացի» արվեստի միությունում ներկա է եղել «Առ քո թևերին, տար ինձ ժամանակ» խորագրով գրական ցերեկույթին՝ նվիրված Համո Սահյանի 110-ամյա հոբելյանին:
Սահյանաշունչ օրվա մտահղացումը կյանքի էր կոչվել Երևանի թիվ 185 և Մ. Մեծարենցի անվան 146 հիմնական դպրոցների համատեղ նախաձեռնությամբ: Միջոցառմանը մասնակցել են երկու դպրոցների 50 աշակերտներ՝ ներկայացնելով սահյանական պոեզիայի աշխարհը:
Միջոցառմանը ներկա են եղել Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության, Էջմիածնի քրիստոնեական դաստիարակության կենտրոնի, հանրակրթական դպրոցների ներկայացուցիչներ, Համո Սահյանի որդին:
Ողջունելով ներկաներին՝ Արաքսիա Սվաջյանը շնորհակալություն է հայտնել նախաձեռնության և դպրոցների միջև ձևավորված գեղեցիկ համագործակցության համար՝ ընդգծելով, որ նախարարությունը խրախուսում է դպրոցների միջև փորձի փոխանակումը և համատեղ նախագծերի իրականացումը, որը հանրակրթության նոր չափորոշչի գլխավոր ուղղություններից է:
«Համոզված եմ, որ Համո Սահյանի անկրկնելի պոեզիայի շուրջ ստեղծված բարեկամությունն ամուր հիմքեր ունի, որը կարող է նոր դրսևորումներ ստանալ՝ իր շուրջը համախմբելով դպրոցականներին, ուսուցիչներին, գրականության և այլ ոլորտի ներկայացուցիչներին»,- ասել է Արաքսիա Սվաջյանը:
Միջոցառման ընթացքում մեծանուն բանաստեղծի մասին հուշեր է պատմել նրա որդին՝ Նաիրի Սահյանը:
«Հայրս համեստ ու հասարակ մարդ էր, միշտ ասում էր՝ «Ոնց գյուղացի եղել եմ, այդպես էլ կամ» ու միշտ պարծենում էր դրանով: Բայց, միևնույն ժամանակ, նրա ամեն ինչն էր տպավորիչ: Նրա ամեն խոսքը գնում, հասնում էր մինչև հոգուդ հատակը: Հայրենիքը միշտ համեմատում էր մոր հետ»,- պատմել է Նաիրի Սահյանը՝ շնորհակալություն հայտնելով միջոցառման կազմակերպիչներին:
Միջոցառման ավարտին հյուրերը գրքեր են նվիրել դպրոցների գրադարաններին և հույս հայտնել, որ լավագույն փորձի տարածմանը նպաստող նախաձեռնությունները կլինեն շարունակական: