19/04/2024 15:58
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից
24News-ի տեղեկությունների համաձայն՝ ապրիլի 6-ին՝ գիշերը 03։00-ի սահմաններում, Երևանի կենտրոնում տեղակայված «Գարդեն» գարեջրատան տարածքում ծեծկռտուք է տեղի ունեցել, մասնակիցների թվում է եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի օգնական Արման Անդրիասյանը, որն առավել հայտնի է «Մոշիկ» մականվամբ։ Վերջինս իր ընկերոջ՝ Գևորգ Հովհաննիսյանի հետ, վիճաբանել են Վահագն Հակոբյանի, Հովսեփ Հակոբյանի և Սամվել Հովհաննիսյանի հետ։
24News-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ , ինչից հետո էլ անցորդները նրանց նկատողություն են արել, վերջիններիս հետ եղել են նաև կանայք։ Վեճը վերածվել է ծեծկռտուքի, Անդրիասյանը հասցրել է «մի քանի մուշտի» ուտել։ Դրանից անմիջապես հետո, ըստ կայքի տեղեկությունների, Արման Անդրիասյանը հաղորդում է ներկայացրել ՆԳՆ ոստիկանության Կենտրոնի բաժին և հայտնել, որ իրեն ծեծի են ենթարկել և որպես պատճառաբանություն նշել, որ միմյանց նայելու շուրջ առաջացած վեճից հետո անծանոթ 3 անձիք ծեծի են ենթարկել իրեն և իր ընկերոջը։ Վիճաբանության ընթացքում մի քանի անգամ Անդրիասյանը նշել է, որ ինքը Կառավարության աշխատակից է։ Թվում է, թե ժողովրդավար երկրում ի՞նչ կապ ունի, թե որ հաստատության աշխատակից ես, եթե հայհոյել ես, պետք է պատասխան տաս, բայց արի ու տես, որ Կառավարության այդ աշխատակցի համար անգամ իրավական համակարգի կենտրոնական ապարատն է շատ արագ իրար խառնվել։
Լրատվամիջոցը կապ է հաստատել ՀՀ քննչական կոմիտե, որտեղից ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը հայտնել է․ «Հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում կատարված քննչական և վարութային գործողությունների արդյուքնում առերևույթ հանցավոր արարքներ կատարած անձանց ինքնությունը պարզվել է։ Ձեռք բերված փաստերի հիման վրա նրանց՝ այսինքն 3 անձի ներկայացվել է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (խմբի կազմում խուլիգանություն կատարելը) և 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (խմբի կազմում ֆիզիկական ներգործություն կատարելը)»։
Կայքը կապ է հաստատել նաև Անդրիասյանի հետ, որը երկու անգամ հղում անելով զբաղվածությանը, խոստացել է, որ ավելի ուշ կկապվի, սակայն այդպես էլ չի զանգել։ Պատրաստ են հրապարակել նաև նրա տեսակետը։