20/04/2024 20:05
Ակնհայտ է՝ պայթյունն անխուսափելի է․ Արմեն Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից հեռավար կարգով պատասխանել է քաղաքացիների կողմից իրեն ուղղված հարցերին:
Սերգեյ Թովմասյանը հարցրել է․ «Երկրում իրավիճակը պայթյունավտանգ է, ե՞րբ է այս ամենը տրաքելու։ Ե՞րբ ենք ազատագրելու մեր երկիրը»։
Արմեն Աշոտյանը պատասխանել է․ «Երկրում իրավիճակն, իրոք, պայթյունավտանգ է, սակայն ամենացանկալի սցենարը պայթյունի չհասցնելը կլիներ, այլ մեր պետության տակ դրած ականը վնասազերծելը: Ակնհայտ է, որ պայթյունը իրադարձությունների զարգացման վերջին, բայց ստեղծված պայմաններում անխուսափելի դարձող տարբերակն է։ Այն իրավիճակը, որում գտնվում է Հայաստանը և հայ ժողովուրդը, հակաբնական է, հակաբարոյական է և հակագիտական է։
Նիկոլը «նոր հայ» կերտելու համար ո՛չ բարոյական իրավունք ունի, ո՛չ մտավոր կարողություն, ոչ էլ քաղաքական կապիտալ։ Իրականում նրա պատկերացրած հայի տեսակը չի կարող տիպային դառնալ, որովհետև Հայրենիք, պատիվ, բարոյականություն, Աստված ժխտող տեսակը ոչ թե Հայ է, այլ չՀայ։ Նիկոլը հայերին դրել է լոլիկի կամ բադրջանի տեղ, իսկ ինքն իրեն՝ Միչուրինի, ով նպատակ է դրել սելեկցիայով հայի նոր տեսակ ստանալ և բուծել։ Այս կեղտոտ գործի համար նա և իր խորհրդատուները չեն խորշում սոցիալական ինժեներիայի ամենաստոր մեթոդներից։
Եվ այս ամենը կավարտվի այն պահին, երբ հայը վերջապես որոշի ապացուցել, որ պոմիդոր չէ, այլ մարդ է: