20/04/2024 20:14
Վլադիմիր Կազիմիրովը իր մասնագիտական հարուստ փորձը և հմտությունները լավագույնս ծառայեցնում էր հանուն արդարության և մարդկային բարձր արժեքների․ ՀՀ երրորդ նախագահ
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ցավակցական հեռագիրը Վլադիմիր Կազիմիրովի մահվան կապակցությամբ․
«Խոր ցավով տեղեկացա ռուսաստանցի դիվանագետ, Լեռնային Ղարաբաղի հարցով ՌԴ միջնորդական առաքելության նախկին ղեկավար, ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցիչ, ԵԱՀԿ Մինսկի խմբի ՌԴ առաջին համանախագահ, Հայաստանի Հանրապետության Պատվո շքանշանի ասպետ Վլադիմիր Կազիմիրովի մահվան մասին:
Վլադիմիր Կազիմիրովը բարձր որակավորում ունեցող այն դիվանագետներից էր, ով իր մասնագիտական հարուստ փորձը և հմտությունները լավագույնս ծառայեցնում էր հանուն արդարության և մարդկային բարձր արժեքների:
Հայաստանում շատերն են հիշում և գնահատում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի առնացքային մասնակից, անվանի դիվանագետի անձնական ջանքերը հիմնախնդրի խաղաղ և արդարացի լուծման գործում՝ Արցախյան առաջին պատերազմի խաղաղ կարգավորման բանակցությունների ժամանակահատվածում. 1994-ի մայիսի 9-ին նրա ակտիվ ջանքերով Լեռնային Ղարաբաղում կնքվեց Անժամկետ հրադադարի մասին համաձայնագիրը։
Անուրանալի է նաև վաստակաշատ դիվանագետի ներդրած մեծ ավանդը հայ-ռուսական բարեկամական կապերի ամրապնդման, դիվանագիտական կադրերի պատրաստման և կատարելագործման ուղղությամբ:
Վլադիմիր Կազիմիրովի մեծագույն ցանկությունն էր կանխել հետագա արյունահեղությունը և հարատև խաղաղության մեջ տեսնել Լեռնային Ղարաբաղը, որն, ավաղ, իր կյանքի ընթացքում այդպես էլ չիրականացավ:
Թող խաղաղության մեջ հանգչի նրա հոգին:
Խորին ցավակցություն եմ հայտնում Վլադիմիր Կազիմիրովի ընտանիքին, հարազատներին, մերձավորներին և գործընկերներին»: