20/04/2024 13:24
Իհարկե, սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց ես ուզում եմ ընդգծել, որ սա էական ձեռքբերում է նաև ՀՀ-ի համար․ Փաշինյան (Տեսանյութ)
Ուզում եմ էլի ընդգծել, որ, իհարկե, սա ձեռքբերում է և՛ Ադրբեջանի համար, բայց ես ուզում եմ ընդգծել, որ սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի Հանրապետության համար․ Ստեփանավանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի որոշմանը։
«Ըստ էության, Հայաստանն ու Ադրբեջանը արդեն երկկողմանի ստորագրություններով հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը և հաստատեցին, որ սահմանազատման գործընթացում ոչ թե նոր սահման է ստեղծվելու, այլ վերարտադրվելու է ԽՍՀՄ փլուզման պահին դե յուրե իրավական նշանակություն ունեցող սահմանը»,-ասաց Փաշինյանը՝ նշելով, որ այս իրադարձությունը համարում է անկյունաքարային ՀՀ-ի ինքնիշխանության, անկախության, զարգացման հաջորդ փուլի համար:
«Սա անկյունաքար է, և այս անկյունաքարի շուրջ մենք պետք է կարողանանք այդ կառուցման, ստեղծման գործընթացն իրականացնել»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ այս որոշումը էականորեն նվազեցնելու է անվտանգային այն ռիսկերը, որ ունենք Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և նաև Հայաստանի սահմանի ողջ երկայնքով:
«Եթե դուք նկատել եք, մենք պայմանավորվել ենք այս հատվածի վերաբերյալ, բայց նաև հիմնարար սկզբունք ենք որդեգրել հետագա սահմանազատման ողջ գործընթացի համար, ինչը նշանակում է՝ կարող ենք բոլոր վիճահարույց հարցերը, արդեն ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, նստել և բանակցությունների սեղանի շուրջ լուծել»,- ընդգծել է ՀՀ վարչապետը: