20/04/2024 23:57
«Արժեքներն ու սկզբունքներն ամենակարևորն են՝ կյանքից ավելի կարևոր»․ Ռուբեն Վարդանյանին երկշաբաթյա հացադուլի ընթացքում առաջին անգամ թույլ են տվել կապ հաստատել ընտանիքի հետ
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ով Բաքվի բանտում երկու շաբաթից ավելի է՝ հացադուլ է հայտարարել՝ բոլոր գերեվարվածներին ազատ արձակելու պահանջով, այս ընթացքում առաջին անգամ կապ է հաստատել ընտանիքի հետ։ Հարազատների հետ հեռախոսով խոսել Ռուբեն Վարդանյանին ադրբեջանական իշխանությունները թույլատրել են նրա ընտանիքի կողմից հացադուլի մասին միջազգային հանրությանն ահազանգելուց հետո։
Տեղեկությունը հայտնել է Բաքվում ապօրինաբար գերության մեջ պահվող Ռուբեն Վարդանյանի ընտանիքը։
Նշվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում Ռուբեն Վարդանյանն ասել է, որ այս ամբողջ ընթացքում գտնվել է լիակատար մեկուսացման մեջ, նրան նույնիսկ թույլ չեն տվել ընթերցանությամբ զբաղվել։ Չափել են միայն զարկերակային ճնշումը, ոչ մի այլ բժշկական օգնություն չեն ցուցաբերել։
«Մեր մտավախությունը, որ նրա առողջական վիճակն էլ ավելի է վատանում, խորանում է։ Խոսակցությունն ավատելուց առաջ նա մեզ ասաց․ «Հիմա ես ավելի, քան երբևէ, համոզված եմ, որ արժեքներն ու սկզբունքներն ամենակարևորն են, կյանքից ավելի կարևոր»,- հայտնել են Վարդանյանի ընտանիքի անդամները։
«Մենք պահանջում ենք, որ Ադրբեջանի իշխանությունները անհապաղ թույլ տան Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներին՝ այցելել Ռուբեն Վարդանյանին։ Դա է հացադուլի ընթացքում նրա առողջական վիճակի մասին օբյեկտիվ տեղեկատվություն ստանալու և նրան անհրաժեշտ բժշկական օգնություն ցուցաբերելու միակ միջոցը։
Բացի այդ, մենք կրկնում ու վերահաստատում ենք Ռուբենի պահանջը՝ Ադրբեջանի կողմից հայ քաղբանտարկյալներին անհապաղ և առանց նախապայմանների ազատ արձակելու վերաբերյալ։
Շնորհակալություն ենք հայտնում միջազգային հանրությանը, լրատվամիջոցներին և բոլոր նրանց, ովքեր այս օրերին գրում և խոսում են Ռուբենի մասին։ Հենց դրա շնորհիվ էլ կայացավ այս երկու շաբաթվա ընթացքում նրա առաջին հեռախոսազրույցը մեզ հետ»,- նշված է Ռուբեն Վարդանյանի ընտանիքի տարածած հայտարարությունում։