21/04/2024 14:24
Բալահովիտ գյուղում ծայրահեղ ծանր վիճակում գտնվող տատիկը տեղափոխվել է հիվանդանոց. նրան մարմնական վնասվածքներ պատճառած կասկածյալը վնասազերծվել է
Այսօր՝ ապրիլի 21-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի բաժնում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Բալահովիտ գյուղի տներից մեկում վիրավոր քաղաքացի կա, ով գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:
Shamshyan.com-ի տեղեկությամբ՝ ոստիկաններն ու պարեկները նշված գյուղի 14-րդ տան բակում հայտնաբերել են ամբողջությամբ արյան մեջ թաթախված, գլխի մասում վնասվածքներով տանտիրուհուն:
Ոստիկաններն ու պարեկները ահազանգել են «Աբովյան» բժշկական կենտրոն, ու մինչ կժամաներ շտապօգնության խումբը, վիրավորին ոստիկաններն ու պարեկները տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա ժամանած շտապօգնության բժիշկները իրենք են տեղում օգնություն ցուցաբերել, որից հետո ոստիկաններն ու պարեկները վիրավորին պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:
Վիրավորը տեղափոխվել է Երևանի Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Տեղում քննչական աշխատանքները ղեկավարող Տ. Բաղյանի որոշմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում պարզվելու է վիրավորի և նրան մարմնական վնասվածքներ պատճառողի ինքնությունը:
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին.
«Ճիշտն ասած՝ չենք իմացել՝ ինչ ա տեղի ունեցել: Մենակ էն տեսանք, որ պարեկները ավտոներով եկան, մտան էդ տուն, մի հոգու կանդալեցին ու տարան: Հետո պարեկներն իրանց ավտոմեքենայում եղած դեղատուփից բինտ ու բամբակ հանեցին ու տան բակում սկսեցին վիրավոր տատիկին օգնություն ցուցաբերել: Հետո եկան Աբովյանի ոստիկանները, ովքեր զանգեցին շտապօգնություն, ու սկոռին եկավ վիրավորին տեղափոխեց հիվանդանոց:
Մեզ հասած տեղեկություններով՝ նրան քարով մի քանի անգամ հարվածել է փեսան: Հենց իրան էլ լավա շուտ պարեկները բռնեցին, թե չէ կարողա տար ու սպաներ, բայց թե ոստիկաններն ու պարեկները որտեղից են դեպքի մասին իմացել՝ չգիտենք. կեսն ասում են՝ տատիկին վնաս պատճռողն ա զանգել, կեսն էլ ասում են՝ դե իմացել են, իրենց գործն ա՝ իմացել են»:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կասկածյալը քննիչ Տ. Բաղյանի որոշմամբ ձերբակալվել է:
Տան բակում և դրսում ոստիկանները հայտնաբերել են արնանման հետքեր և քար, որով հավանաբար կասկածյալը հարվածներ է հասցրել տատիկին: Տեղում աշխատում է նաև փորձաքրեագետը: