22/04/2024 21:07
Կոմեդոններ․ Ինչու են առաջանում
Կոմեդոնները մաշկի հիվանդություն են, որոնք առաջանում են ճարպագեղձերի խողովակների խցանման հետևանքով․ մարդու արտաքին տեսքը նկատելիորեն փոխվում է, մաշկը դառնում է անհարթ, ծակոտիներն ընդարձակվում են, հայտնվում են վառ սև կետեր։
Կոմեդոնները ենթամաշկային ցանի տեսակ են, որոնք նման են մաշկի վրա սպիտակ բշտիկների կամ սև կետերի։ Կոմեդոնները բշտիկների մեղմ ձև են, որոնցում բորբոքում չկա։
Դրանք սովորաբար առաջանում են դեմքի, ճակատի, կրծքավանդակի, մեջքի և ուսերի վերին հատվածում, որտեղ ճարպագեղձերն առավել շատ են:
Այնուամենայնիվ, կոմեդոնները միշտ չէ, որ դառնում են բշտիկներ։ Դա տեղի է ունենում միայն այն դեպքում, եթե բշտիկի պարունակությունը դուրս չի գալիս, և բորբոքումը զարգանում է:
Կոմեդոնների առաջացման պատճառը հասկանալու համար նախ պետք է իմանալ, թե ինչպես է «աշխատում» մաշկը:
Փոքրիկ ճարպագեղձերը գտնվում են մաշկի մակերեսին մոտ։ Դրանք տեղակայված են ամբողջ մարմնում, և դրանց մեծ մասը միանում է մազի ֆոլիկուլին՝ մաշկի փոքրիկ ակոսներին, որտեղից մազեր են աճում։ Այն նյութը, որն արտադրում է ճարպային գեղձը, կոչվում է ճարպաթթու։ Այն ապահովում է խոնավություն, օգնում է հեռացնել մահացած կերատինոցիտները՝ մաշկի վերին շերտի (էպիթելի) բջիջները, որոնք նույնպես երեսպատում են ֆոլիկուլի պատերը։
Կարևոր է հիշել, որ կոմեդոնների առաջացումը կապված է երկու պրոցեսների հետ՝ ճարպի ավելցուկային արտադրություն և կերատինոցիտների ավելորդ շերտազատում։
Այս երկու գործընթացները, որպես կանոն, ուղեկցում են միմյանց։ Բշտիկների հակված մաշկ ունեցող մարդկանց մոտ ճարպը պարունակում է ավելի քիչ լինոլաթթու և այլ ճարպեր, որոնք կարգավորում են էպիթելի ֆոլիկուլային բջիջների շերտավորման գործընթացը: Դրա բացակայության պատճառով այս պրոցեսն ուժեղանում է, ինչը հանգեցնում է մահացած բջիջների շերտի՝ հիպերկերատոզի խտացմանը։
Կերատինոցիտների հետ խառնվելով՝ ճարպը դառնում է մածուցիկ և խցանում է ֆոլիկուլը (ծակոտիները)՝ առաջացնելով կոմեդոն:
Ենթադրվում է, որ հիմնական պատճառները, որոնք հանգեցնում են կոմեդոնների առաջացմանը, հորմոնալ խանգարումներն են և ժառանգական նախատրամադրվածությունը։
Որպես կանոն, հորմոնալ անհավասարակշռությունը հայտնվում է դեռահասության շրջանում. սա ֆիզիոլոգիական նորմ է, որը ժամանակի ընթացքում անհետանում է: Բացի այդ, կանայք ենթակա են հորմոնների մակարդակի տատանումների՝ պայմանավորված վերարտադրողական համակարգի առանձնահատկություններով, ինչպես նաև հղիության ընթացքում: Երբ նման պրոցեսների ազդեցության տակ հորմոնների կոնցենտրացիան արյան մեջ մեծանում է, ճարպագեղձերը արձագանքում են դրանց և մեծացնում են ճարպի արտազատումը ։
Կոմեդոնների առաջացման վտանգը մեծացնող գործոններ՝
կոմեդոնների առաջացմանը նպաստող կոսմետիկ միջոցներ,
որոշակի դեղամիջոցներ,
ծխելը,
բարձր գլիկեմիկ ինդեքսով դիետաներ,
ավելորդ աքաշ,
սթրես,
արեգակնային ճառագայթման ազդեցություն։
Կոմեդոններն առանձնանում են կառուցվածքով և արտաքին տեսքով։ Կա երեք տեսակ՝ բաց, փակ և միկրոկոմեդոններ։
Բաց կոմեդոնները նման են փոքր սև կամ շագանակագույն կետերի։ Փակ կոմեդոնները նման են բաց գույնի բշտիկների, իսկ միկրոկոմեդոնները չեն երևում, քանի որ դրանք չափազանց փոքր են:
Մաշկը, որը հակված է կոմեդոնների, հաճախ ունենում է ընդլայնված ծակոտիներ։
Կոմեդոնների ախտորոշումն ու բուժումն իրականացնում է մաշկաբանը։ Պետք է զերծ մնալ տնային պայմաններում կոմեդոնների ինքնուրույն հեռացումից՝ հետագա բարդություններից և բորբոքումներից խուսափելու համար։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ