22/04/2024 21:51
Որքան է սիգի թույլատրելի որսաչափը 2024 թվականի գարուն-ամառ ժամանակահատվածում
ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի զեկույցից տեղեկանում ենք․
«Սևանա լճում որպես էվտրոֆացման դրսևորումներ դիտվել են աննախադեպ վերակառուցումներ, մոնոդոմինանտների առաջացում և որոշ հիմնական խմբերի դերի նվազեցում պլանկտոնում։ Բացահայտվել է, որ լճի ֆիտոպլանկտոնի զարգացման առանձնահատկություններից են ամառային համատարած ցիանոբակտերիաների ծաղկման բացակայությունը, կանաչ ջրիմուռների գերակայումը տարբեր սեզոններին։
2023թ․ սիգի արդյունագործական ընդհանուր պաշարը Սևանա լճում կազմել է 513.11տ։ Հաշվի առնելով վերջին տարիներին դիտվող ընդհանուր պաշարների ու արդյունագործական չափի ձկների դինամիկան՝ սիգի որսի թույլատրելի որսաչափը 2024թ. գարուն-ամառ ժամանակահատվածի համար սահմանվել է արդյունագործական պաշարի մոտ 50%-ի չափով՝ 257տ։
Սևանա լճում խեցգետնի կենսազանգվածը նախորդ տարվա համեմատ աննշան աճել է՝ հավասարվելով 95 տոննայի։ Պոպուլյացիայի սահմաններում հիվանդ կենդանիների մասնաբաժինը մնացել է գրեթե անփոփոխ՝ 6.4%։
Լճի խեցգետնարդյունավետությունը վերականգնելու նպատակով առաջարկվել է արգելել խեցգետնի որսը։
Ստեղծվել է ջրիմուռների հավաքածու 27 ցեղի 180 տեսակի ջրիմուռներից, որոնք անջատվել են Սևանա լճի ափամերձ ու խորքային հատվածների ջրային նմուշներից։
Հայաստանի հյուսիսային որոշ գետերի ու Սևանա լճի արևելյան ափի ռեկրեացիոն գոտու ջրերում հաստատվել է մարդու առողջության համար վտանգ ներկայացնող նախակենդանիների առկայությունը»։
Տվյալները՝ ՀՀ ԳԱԱ Բնական գիտությունների բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովի մասին ամփոփագրից