22/04/2024 13:01
Կան ուժեր, որոնք չեն ցանկանում ՀՀ սահմանների կայունություն և անվտանգության բարձրացում. Վարդանյան
Չեմ թաքցնում, որ կան ուժեր, որոնք չեն ցանկանում ՀՀ սահմանների կայունություն և սահմանների անվտանգության բարձրացում. Աժ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։
«Մենք պետք է անենք ամեն ինչ, որ ունենանք հստակ, ընդունելի սահմանագծված սահմաններ՝ բոլոր հարևանների հետ, որոնք հիմնված են լինելու Ալմաթիի հռչակագրի վրա»,-ասաց նա։
Վարդանյանի խոսքով՝ սա նշանակում է, որ Խորհրդային Միության վարչական սահմանը հիմք է հանդիսանում սահմանագծման և սահմանազտման համար։
«Սա համաձայնություն է, որի վերաբերյալ գոհունակություն են արտահայտել թե՛ եվրոպական, թե՛ ՄԱԿ-ի և թե՛ այն կառույցները, որոնք ներգրավված են եղել այս գործընթացներում»,-ասաց նա։
Պատգամավորը նշեց, որ Արծվաշենը ևս ՀՀ ինքնիշխան տարածք է։
«Ով ինչ վարչական սահմաններ ունեցել է Խորհրդային Միության փլուզման օրը, այդ վարչական սահմաններն են դիտվում որպես պետական սահմաններ և Խորհդային Միության փլուզման ժամանակ Արծվաշենը դիտարկվել և դիտարկվում է ՀՀ ինքնիշխանության ներքո գտնվող տարածք։ Ես չեմ ուզում կասկածի տակ դնել ՀՀ-ի ինքնիշխանությունը»,-ասաց նա։