23/04/2024 18:02
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին վերահաստատում ենք արդարադատության համար պայքարը շարունակելու մեր կամքը․ Հայ դատի Միջին Արևելքի հանձնախումբ
Հայ դատի Միջին Արևելքի հանձնախմբի հայտարարությունը՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
«Հայ ժողովուրդն այս տարի ոգեկոչում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը։ Օսմանյան կայսրության իրագործած Հայոց ցեղասպանությունից հետո հարյուրամյա անպատժելիության և անհատույց մնալու փաստը շարունակում է իր բացասական անդրադարձն ունենալ համայն մարդկության վրա։
Եթե Թուրքիան պատասխանատվության ենթարկված լիներ՝ չէին լինի Կամբոջիայի և Ռուանդայի ցեղասպանությունները, հատկապես, 21-րդ դարում տեղի չէր ունենա Արցախի բնիկ ժողովրդի տեղահանությունն իր պատմական հայրենիքից, Արցախի էթնիկ զտումը, բռնազավթումը, ինչպես նաև ազգային, պետական և անհատական ունեցվածքի թալանն ու պատմամշակութային դարավոր արժեքների կործանումը։ Զանգվածային լրատվամիջոցների և հաղորդակցության միջոցների ներկա ժամանակաշրջանում, դժբախտաբար, շարունակում ենք ականատես դառնալ այդպիսի ցեղասպանական ոճիրների։ Արցախում տեղի ունեցածից շուրջ մեկ տարի անց՝ այսօր, ականտեսն ենք մեկ այլ անիրավության, մեկ այլ տառապանքի ու ողբերգության։
Հայ ժողովրդի և հայոց պետականության դեմ գործած ոճիրների նկատմամբ պատշաճ և գործնական հակազդեցության բացակայության հետևանքն է, որ Թուրքիայի և Ադրբեջանի ռազմավարական դաշնակից Իսրայելն այսօր հանդգնում է պաղեստինցի ժողովրդի դեմ իր ցեղասպանական ոճիրը գործել։
Արդարության և իրավունքի հաղթանակն անխուսափելի է։ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ վերանորոգում ենք արդարադատության համար պայքարը շարունակելու մեր կամքը և երախտագիտությամբ հիշում արաբ և իրանցի եղբայրական ժողովուրդների մարդկային ու կրոնական ազնվագույն սկզբունքներից բխած պատվաբեր կեցվածքը՝ Թուրքիայի կողմից գործած ցեղասպանությունը վերապրած հայերի նկատմամբ։ Մեր պայքարը պետք է շարունակվի»։