23/04/2024 15:38
Էրդողանի հայտարարությունը փաստում է, որ այս իշխանության՝ Ցեղասպանության պահանջատիրությունից հրաժարվելու գործընթացն իրականություն է. Թուրքագետ
Թուրքիայի նախագահ Էրդողանի հայտարարությունը փաստում է, որ այս իշխանության՝ Ցեղասպանության պահանջատիրությունից հրաժարվելու գործընթացն իրականություն է. Aysor.am-ի հետ զրույցում ասաց թուրքագետ Տիրան Լոքմագոզյանը։
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում նոր կարգ է հաստատվում, և, նրա կարծիքով, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը դա հասկանում է։ Ըստ Էրդողանի՝ «ժամանակն է՝ ՀՀ-ն հրաժարվի անհիմն հիշողություններից և Թուրքիայի հետ հարաբերություններում ստեղծի նոր ճանապարհային քարտեզ»։
«Սրանով ակնհայտ է, որ Ցեղասպանության ճանաչումից հրաժարվելու հիքմերը դրվել են, որը Թուրքիայի գլխավոր պահանջներից մեկն էր։ Քանի դեռ այս իշխանությունն ունենք, որն աշխատում է հակահայաստանյան օրակարգով, Թուրքիայի և Ադրբեջանի պահանջները շարունակելու են կատարվել։ Թուրքիայի գլխավոր երեք պահանջը և կից նոր պահանջները ՀՀ-ն կատարում է, որից հետո, վստահ եմ, նորերն են ավելանալու։ Մեր այսօրվա իշխանությունները պարտականություն են վերցրել այդ բանը կատարելու և նրանք բերվեցին Հայաստանը կործանելու համար»,-ասաց նա։
Տիրան Լոքմագոզյանը նշեց, որ սա Թուրքիայից էլ վեր գտնվող ծրագիր է։ «Թուրքիան նաև իր հարցերն է լուծում այդ ընթացքում, և այս ծրագրով Հայաստանը դրված է սեղանի վրա՝ շուրջը գտնվողների համար որպես մի ուտելիք և ոչ ավելին։ Ինքը սեղանի շուրջը չի նստում, ամեն մեկը կարող է իր բաժինը վերցնել, անգամ ձայն չի հանում, կարող է վրացիների ախորժակը բացվի և նրանք էլ իրենց ուզելիքը վերցնեն։ 100 տարի առաջ այն, ինչ կատարվում էր, ավարտին չհասավ, այսօր հատ-հատ կատարվում է»,-ասաց նա։
Ըստ նրա՝ խաղաղության անվան տակ և սպառնալով, որ պատերազմ կլինի, մեր ղեկավարությունը միայն Էրդողանի և Ալիևի պահանջները բավարարելով են զբաղված։
«Անգամ ղեկավարն է ասում, որ եթե ամեն ինչ տանք և անենք, դա մեզ չի ապահովում, որ պատերազմ չի լինի։ Բա եթե էլի կլինի, ինչո՞ւ ես տալիս, ուրեմն նպատակը պատերազմ լինել-չլինելը չէ, այլ թշնամու համար մի գործարք ևս կատարելն է»,-ասաց նա։