23/04/2024 11:49
Ալեն Սիմոնյանն ու Գրեգ Ֆերգուսն անդրադարձել են Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը
Իսպանիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Կանադայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Գրեգ Ֆերգուսի հետ:
Հանդիպման սկզբում կողմերը փաստել են Հայաստան-Կանադա բարձր մակարդակի քաղաքական երկխոսության մասին` ընդգծելով միջխորհրդարանական հարաբերությունների կարեւորությունը:
Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել Կանադային միջազգային տարբեր հարթակներում Հայաստանին ցուցաբերած շարունակական աջակցության համար:
«Կանադան մեր վստահելի գործընկերն է», - նշել է խորհրդարանի ղեկավարը:
Ալեն Սիմոնյանը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը` վերահաստատելով Հայաստանի` Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու հանձնառությունը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Կանադա միջխորհրդարանական հարաբերությունների սերտացման, երկու խորհրդարանների աշխատակազմերի միջեւ գործակցության ընդլայնման հեռանկարների շուրջ: Առաձնահատուկ ընդգծվել է կանադական խորհրդարանական կենտրոնի դերը:
Անդրադարձ է կատարվել Արեւելյան Եվրոպայում եւ Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին, Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը: