23/04/2024 17:19
«Անհնար է, Հայաստանը չի կարող ազատվել եռակողմ հայտարարության այդ դրույթից»․ Ալիևը կրկին «Զանգեզուրի միջանցքն» է պահանջում
« «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված հարցը հստակ արտացոլված է 2020 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարության մեջ»,- այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Այո, «Զանգեզուրի միջանցք» բառերն այնտեղ նշված չեն, բայց գրված է, որ Ադրբեջանի արևելյան հատվածի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև պետք է լինի տրանսպորտային կապ, որը պետք է վերահսկվի ռուսական սահմանապահ ուժերի կողմից։ Այդ հայտարարությունը ստորագրել են ՌԴ նախագահ Պուտինը, Հայաստանի վարչապետ Փաշինյանը և ես։ Եվ արդեն երեք տարուց ավելի է, ինչ Հայաստանը փաստացի խախտում է այս դրույթը, իսկ հիմա էլ նրանք ցանկանում են, այսպես ասած, ազատվել այդ դրույթից, բայց դա հնարավոր չէ։ Նրանք արգելափակում են Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ ճանապարհային կապ հաստատելու մեր հնարավորությունը։ Այս պահվածքը, իհարկե, շատ հիասթափեցնող է»,- ասել է Ալիևը։