23/04/2024 18:51
Փաշինյանը Ֆրանսիայի Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի անդամների հետ տարածաշրջանային հարցեր է քննարկել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազի գլխավորած պատվիրակությանը, հայտնում են կառավարությունից։
Հաղորդագրությունում նշված է․
«Վարչապետը ողջունել է Ֆրանսիայի Սենատի պատվիրակության այցը Հայաստան և ընդգծել Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների բարձր մակարդակն ու փոխգործակցության հետևողական զարգացման կարևորությունը: Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը նշել է, որ երկկողմ հարաբերություններում իր ուրույն տեղն ունեն նաև միջխորհրդարանական կապերն ու փոխգործակցությունը տարբեր միջազգային հարթակներում:
Քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա բազմակողմ համագործակցության օրակարգային հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել տնտեսության, ենթակառուցվածքների զարգացման, հումանիտար ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման ուղղությամբ կատարվող քայլերին:
Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային նշանակության հարցերի, այդ թվում՝ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման և սահմանազատման գործընթացին, մասնավորապես, 1991թ․ Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա սահմանազատման գործընթացը սկսելու պայմանավորվածությանը:
Մտքեր են փոխանակվել ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագծի, ինչպես նաև Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության շուրջ»: