23/04/2024 10:43
«Փաշինյանն ասաց՝ հանուն խաղաղության է հանձնում». կիրանցի վարչական ղեկավարը հրաժարական չի տալիս (Հրապարակ)
«Ես հրաժարական չեմ տալիս, դրա կարիքը չկա, բայց իմ գյուղի ժողովրդի կողքին եմ մինչեւ վերջ»,-«Հրապարակ»-ի հետ զրույցում այս մասին ասել է Տավուշի մարզի սահմանամերձ Կիրանց գյուղի վարչական ղեկավար Կամո Շահինյանը։
Լրատվամիջոցները գրել էին, որ երեկ կառավարության անդամների հետ հանդիպումից հետո Շահինյանը որոշել է հրաժարական տալ։
«Հրաժարական ինչու՞ եմ տալիս, ես իմ գյուղացու կողքին կանգնած եմ։ Իմ գյուղացիների, իմ գյուղի պաշտպանն եմ ու վերջ։ Իմ երկիրը պիտի պաշտպանեմ։ Հանդիպման ժամանակ ասացին՝ ինչ որոշել են այդ էլ անելու են։ Հանդիպման արդյունքում ոչ մի փոփոխություն չեղավ։ Ասացին՝ հնարավոր է սահմանագծի փոփոխություն լինի, շեղվի, բայց Կիրանցի կողքի Խրեմլու գյուղը հանձնվելու է»,-պատմել է Շահինյանը։
Մհեր Գիրգորյանից բացի, հանդիպմանը ներկա են եղել նաեւ Նիկոլ Փաշինյանը, ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը, ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը, կառավարության այլ անդամներ։
Փաշինյանը հանձնվող գյուղերի վարչական ղեկավարներին ասել է՝ ինչ անում է, ժողովրդի համար է անում, որ երկրում խաղաղություն լինի։
«Մենք՝ բոլոր վարչական ղեկավարներով, ասել ենք՝ չենք ուզում հանձնեք այդ գյուղերը, Փաշինյանն էլ, թե՝ երկրի համար եմ անում, որ խաղաղություն լինի, հողերը հանձնվել է, սահմանազատումը լինելու է»,-նշել է Շահինյանը։
Հանդիպումն անցել է լարված մթնոլորտում, մոտ 5 ժամ։ Կամո Շահինյանի խոսքով՝ ավարտվել է գիշերը՝ ժամը 23։30-ին։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։