23/04/2024 15:24
Կարճ ասած՝ Ոսկեպարը կմնա ձեր պատկերացրած անկլավ. Ոսկեպարի գյուղապետ
Ոսկեպարում ականազերծման աշխատանքներն արդեն գնում են, էսօր էլ երևի ավարտին են հասցնում, այդ հատվածում սահմանագծում, սահմանազատում է տեղի ունենալու։ Մնացած տեղերում, որտեղ վիճելի հատվածներ են, մեզ ասացին, որ դա էլ հետո է լուծում ստանալու, այսինքն՝ այն եռանկյունիները, որոնց մասին մի 10 օր առաջ մեզ ասել էր, մնում են, անկլավը՝ ևս, լրագրողների հետ զրույցում երեկ կառավարությունում տեղի ունեցած հանդիպումից մանրամասներ պատմեց Ոսկեպարի գյուղապետ Իշխան Աղբալյանը։
«Դրանք հետագայում որոշվող հարցեր են, հանրաքվեի արդյունքում պետք է որոշվի, մի բան, որը 90 տոկոսով կախված է լինելու Ադրբեջանից, կցանկանա՞ արդյոք հանրաքվե անի, թե՞ ոչ։ Եթե չէ, արդեն դուք էլ եք հասկանում, թե այդ տարածքների հետագան ինչ կլինի։ Կարճ ասած՝ Ոսկեպարը կմնա ձեր պատկերացրած անկլավ»,-ասաց Աղբալյանը։
Նա նշեց, թե վիճելի տարածքների հարցը լուծվելու է վերջում.
«Սահմանազատում, սահմանագծում լինելու է, վիճելի տարածքների հարցը լուծվելու է վերջում, և ոչ մեկս չի կարող կանխատեսել, այդ հանրաքվեն կլինի՞, թե՞ չի լինի։ Մենք մեր դիրքորոշումը հայտնել ենք և այդ հանձնաժողովից դուրս ենք գալիս։ Ես իմ բնակիչների հետ խորհրդակցելու եմ և մեր անելիքները կհանրայնացնենք»։