23/04/2024 11:03
Սա ստի ու կեղծիքի գործընթաց է. ո՞վ է այն մարդը, որն ուզում է խաբված լինել, չարքից պարտված լինել. Բագրատ Սրբազան
Մենք չենք համակերպվում ստի, կեղծիքի, չարիքի հետ. սա հայրենիքի ինչ-որ մի հողակտորի հարց չէ, լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը։
Նրա խոսքով՝ այն, ինչ կատարվում է հիմա Տավուշում, ստի ու կեղծիքի արտահայտում է.«Ո՞վ է այն մարդը, որն ուզում է խաբված լինել, չարքից պարտված լինել, կա՞ այդպիսի մարդ։ Ես չեմ հավատում, որ նման մարդ կա։ Քանի օր է՝ այս գյուղացիներն այստեղ են, ո՞վ է այս մարդկանց փողոց նետել, ասել, որ ձեր ճակատագիրն այսպես է լինելու։ Այս մարդիկ դուրս են եկել ճշմարության ու արդարության համար։ Այս մարդիկ հոգևոր խնամքի կարիք ունեն»։
Անդրադառնալով այն հարցին, թե տեղյա՞կ է՝ ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել Մհեր Գրիգորյանի հետ՝ Սրբազանը նշեց, որ մանրամասներից տեղյակ չէ.«Կիրանցի գյուղապետին եմ գիշերը հանդիպել, նա շատ այլայլված էր։ Արդեն հասկանալի էր, թե ինչ է տեղի ունեցել։ Նա ասաց՝ այն, ինչ կար, մնաց նույնը և մի բան էլ ավելին»։
Սրբազանը հավելեց, որ երեք տարի է՝ գյուղացիներին այդ մասին զգուշացնում էին, բայց քանի որ նրանք շատ մաքուր ու արդար մարդիկ են, մտածում էին, որ դիմացինն էլ է այդպիսին։