24/04/2024 14:49
Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ
Հունաստանի նախագահ Կատերինա Սաքելարոպուլուն հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ։
«Օսմանյան Կայսրության վերջին շրջանում 1․5 միլիոն հայերի պլանավորված բնաջնջումից անցել է 109 տարի։ Սա ցեղասպանություն է, որը գրեթե բնաջնջեց հնագույն ժողովրդին, Կովկասի հարավային հատվածում ծաղկող քրիստոնեական միջուկը։
Այսպիսի ողբերգական իրադարձությունների ճանաչումը, ինչպես նաև մարդկության նկատմամբ բռնության ու ատելության դեմ մշտական զգոնությունը անհրաժեշտ պայման են այսպիսի հանցագործությունների չկրկնվելու և ազգերի ու ժողովուրդների խաղաղ գոյակցության համար։ Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն»,- ասված է Հունաստանի նախագահի հայտարարության մեջ։