24/04/2024 11:29
Բելգիայի ԱԳ նախարարի մասնակացությամբ տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառում
Ապրիլի 23-ին Բրյուսելի Սբ․ Մարիամ Մագդաղենացի առաքելական եկեղեցում մատուցվել է պատարագ՝ նվիրված Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակի 109-րդ տարելիցին։ Պատարագին Բելգիայի հայերի կոմիտեի հրավերով մասնակցել են Բելգիայի Թագավորության արտաքին գործերի նախարար Հաջա Լահբիբը, Ներկայացուցիչների պալատի պատգամավոր Միշել դե Մաղդը։
Պատարագից հետո ներկաները քայլերթ են կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթող, որտեղ Բրյուսելի Ազատ համալսարանի «Նաիրյան» երիտասարդական միության կողմից կազմակերպվել էր մոմավառության արարողություն։ Արարողության ժամանակ խոսքով հանդես է եկել Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ Հայր Զատիկ Ավեդիքյանը, դեսպան Տիգրան Բալայանը և արտգործնախարար Հաջա Լահբիբը։
Իր խոսքում դեսպան Բալայանը բարձր է գնահատել արտգործնախարարի ներկայությունը Հայոց ցեղասպանության ոգեկոչման արարողությանը, որ վկայում է Բելգիայի Թագավորության՝ համամարդկային արժեքներին նվիրվածության մասին։
Տիգրան Բալայանն ասել է․ «Պատմության այդ ողբերգական էջը, ոչ միայն հայ ժողովրդի հիշողությունն է, այլև համայն մարդկության պատասխանատվությունը՝ ապագա սերունդներին փոխանցելու «այլևս երբեք» պատգամը։ Ցավոք, հարյուր տարի առաջ տեղի ունեցած հանցագործությունները շարունակվում են նաև մեր օրերում․ միայն ամիսներ առաջ միջազգային հանրության աչքի առաջ հազարամյակներ Լեռնային Ղարաբաղում ապրած հայ բնակչությունը ենթարկվեց էթնիկ զտման՝ ստիպողաբար հեռացվելով իր պատմական հայրենիքից»։
Նախարար Լահբիբը, շնորհակալություն հայտնելով հրավերի համար, նշել է, որ եկել է ներկայացնելու մի երկիր, որը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, եկել է՝ իր հետ բերելով նաև խաղաղության կոչ, որպեսզի «այլևս երբեք» կարգախոսը գործուն քայլերով վերածվի իմաստալից խոստման, որպեսզի համայն մարդկությունն ապագայում խուսափի նման ձախողումներից։
Արարողությունից հետ տեղի է ունեցել ծաղկեպսակի խոնարհման արարողություն։