24/04/2024 17:52
«Երկու տարբերակ կա` կամ թշնամուն հեռու ես պահում քո սահմանից, կամ թշնամուն ստիպված դիմավորում ես քո տան բակում»․ Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյան
Եթե Արցախը կորցնելուց հետո էլ հայ ժողովուրդը չսթափվի, չհասկանա, որ թշնամին կանգ չի առնելու, քանի այս հողի վրա հայ կա, վերջը լինելու է գաղթի ճանապարհ բռնելը, «Սպուտնիկ Արմենիա»-ի հետ զրույցում ասել է Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյանը, որն այս օրերին ակցիաներ անող տավուշցիների կողքին է։
«Երկու տարբերակ կա` կամ թշնամուն հեռու ես պահում քո սահմանից, կամ թշնամուն ստիպված դիմավորում ես քո տան բակում։ Իսկ մենք արդեն շատ դառը փորձ ունենք։ Հնարավոր չէ էս լեռների մեջ այսպիսի թուլություն ցուցաբերես ու փորձես գոյատևել։ Այստեղ ուժեղ մարդկանց տեղ է»,-ասել է Տեր Արամ քահանա Միրզոյանը։
Նա վստահ է, որ հայ ժողովուրդը պետք է այդ ուժն իր մեջ գտնի համախմբվելու հայրենիքը պաշտպանելու ճանապարհին։
«Մեր հայրենիքն այնքան է փոքրացել, մի սրտի չափ է դարձել։ Որտեղից էլ խոցեն, հարվածը մահացու է։ Այնպես չէ, որ սա կիրանցու կամ ոսկեպարցու սահմանն է, սա ողջ հայության սահմանն է, և բոլորը հավասարապես պետք է պատասխանատվություն կրեն»,- ասել է Տեր Արամը։
Հոգևորականի խոսքով` հայ ազգի նվիրյալները պետք է ոտքի կանգնեն ու նոր հաղթական պատմություն կերտեն։