24/04/2024 09:57
Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ դրանում մնալու որոշումը կլինի երկրի ինքնիշխան ընտրությունը. Գլխավոր քարտուղար
Չնայած Հայաստանի՝ ՀԱՊԿ միջոցառումներին մասնակցությունը դադարեցնելու որոշմանը, կազմակերպությունը լիովին պահպանում է իր պարտավորությունները Երևանի նկատմամբ. Այս մասին «Известия»-ին տված հարցազրույցում ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը` նշելով, որ Հայաստանի իշխանությունների՝ ՀԱՊԿ-ի մաս մնալու կամ կազմակերպությունից դուրս գալու ընտրությունը կարտացոլի երկրի ինքնիշխան ընտրությունը։
«Կարևոր է նշել, որ անդամ երկրները հավատարիմ են արտաքին խաղացողների հետ փոխգործակցության բազմավեկտոր քաղաքականությանը, որը մնում է նրանց ինքնիշխան իրավունքը: Ըստ այդմ, Երևանի ընտրությունը՝ մնալ ՀԱՊԿ-ի կազմում, թե լքել կազմակերպությունը, նույնպես կլինի այս անկախ պետության ինքնիշխան որոշումը»,- ասել է գլխավոր քարտուղարը։
Մեկնաբանելով Հայաստանի և ՀԱՊԿ-ի միջև առճակատման հավանականությունը՝ կազմակերպությունից դուրս գալու և ՆԱՏՕ-ին մերձենալու ցանկության մասին երկրի ղեկավարության հայտարարությունների ֆոնին, Թասմագամբետովը նման սցենարն անվանել է «ոչ ավելի, քան հիպոթետիկ»: Միաժամանակ նա նշել է, որ «անհրաժեշտ է հաշվի առնել կողմերի ռեսուրսային բազան և իրական հնարավորությունները, ուստի այս հարցը, եթե նույնիսկ այս պահին այն չի կարող ծայրահեղ հրատապ դասվել, վերլուծություն է պահանջում»։
«Քարտուղարության վերլուծաբանները նշում են, որ Հարավային Կովկասում ուժերի հարաբերակցությունը կարող է փոխվել, եթե Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից, սակայն այս դեպքում կգործեն տարածաշրջանային անվտանգության այն գործոնները, որոնց ազդեցությունն այժմ բավականին դժվար է կանխատեսել և հաշվարկել»,- պարզաբանել է գլխավոր քարտուղարը։