24/04/2024 21:37
Տավուշում տեղի ունեցողից արցախցիների մոտ դեժավյու է․ Մետաքսե Հակոբյան
ՀՀ անվտանգային համակարգի խաթարումը տեղի է ունեցել Արցախի հանձնումով, հետևաբար՝ պետք է նորից ամեն ինչ սկզբից սկսել ու փորձել ապահովել Արցախի վերադարձի հարցը, 168․am-ի հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
Նա զուգահեռներ է անցկացրել Տավուշում ու Հայաստանում տեղի ունեցող գործընթացների միջև ու նշել՝ Նիկոլ Փաշինյանի համար հայրենիք հասկացություն գոյություն չունի, հարցերի կարգավորումները նա տեսնում է միայն ճանապարհների, տների փոփոխությամբ։
«Նա Տավուշում մարդկանց փորձում էր համոզել, թե որևէ խնդիր չկա, գուցե մի քանի տուն կարող են ընդամենը կորցնել, այդ տների հարցերն էլ «կլուծի»։
Երբ Արցախից հետո մենք առաջին անգամ եղանք Սյունիքում, առաջին բանը, որ արձանագրեցի, նմանությունն էր 2020 թվականից հետո Արցախի վիճակին։ Իսկ Տավուշում տեղի ունեցող դեպքերից մեր՝ արցախահայերիս մոտ դեժավյու է, որովհետև ամեն ինչ նման է Արցախին, երբ կարևոր նշանակության բարձունքներն ու դիրքերն ուղղակի բանավոր պայմանավորվածության արդյունքում հանձնվում էին թշնամուն։ Գյուղերի, տարածքների հանձնումը մեծացնում է հավանականությունը՝ շրջափակման մեջ ընկելու, ինչպես եղավ Արցախի դեպքում. հանձնելով՝ Հայաստանի անվտանգային համակարգը խաթարում են։
Տա Աստված՝ Հայաստանը կամ ՀՀ որոշ շրջաններ չհայտնվեն այն իրավիճակում, որում հայտնվեց Արցախը, քանի որ դա անդառնալի է լինելու, այն էլ՝ նման իշխանությունների պարագայում»,- ընդգծել է Մետաքսե Հակոբյանը։
Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում