24/04/2024 12:39
Եթե Թուրքիան պատժված լիներ, չէր համարձակվի այսօր ահաբեկչական արարքներ կատարել Սիրիայի դեմ. ՀՀ-ում Սիրիայի դեսպան
Սիրիան 2020 թվականին ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, և այդ ճանաչման համատեքստը ներկայացված էր Սիրիա-Հայաստան բարեկամական հանձնաժողովի կողմից․ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ հարգանքի տուրք մատուցելուց հետո՝ լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում Սիրիայի արտակարգ և դեսպան Նորա Արիսյանը։
«Սիրիայի խորհրդարանը միաձայն ընդունեց դա և կոչ ուղղեց այլ խորհրդարաններին՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Սիրիայի արաբ ժողովուրդն առաջին ականատեսն էր Հայոց ցեղասպանությունից փրկված հայերի: Սրտաբաց ընդունել են հայերին: Այսօր մենք մեզ հետ ունենք Սիրիայի ազգային ժողովից պատվիրակություն: Նրանք եկել են զորավիգ կանգնելու Հայաստանին եւ կրկին անգամ հիշատակելու, որ Ցեղասպանությունն այսօր միայն պատմական արարք չէ, դա պետք է անպայման ճանաչել»,-ասաց նա:
Նա ընդգծեց՝ եթե Թուրքիան պատժված լիներ, չէր համարձակվի ահաբեկչական արարքներ, գործողություններ իրականացնել Սիրիայի դեմ. «Արդեն 12 տարի է՝ Սիրան դիմադրում է, բայց, անշուշտ, որոշ չափով հաղթանակած ենք դուրս եկել այդ ահաբեկչական պատերազմից։ Դժբախտաբար, պանթուրիքիստական ծրագրերը շարունակվում են Սիրիայում, տարածաշրջանում»,- ասաց դեսպանը։